Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող. տեսանյութ

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։

Հերթականը հոկտեմբերի 26-ի երեկոյան էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 150-ից ավելի անձ, ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեն, դանակներ, կռփազենքեր, մահակներ, կեղծ ու գողացված համարանիշեր։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բացի այդ, երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի հայտնաբերման դեպք։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև Սարի թաղում հաշվառված 27-ամյա երիտասարդ, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։  Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։