Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ ուղղակի «կանխարգելիչ» հարված. Fip

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել միջուկային հարձակում ձեռնարկել Ռուսաստանի դեմ։Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը:

«Երեկ Զելենսկին կոչ է արել իր արևմտյան տերերին կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին։ Այսպիսով, այդ գործիչը, ըստ էության, ամբողջ աշխարհին ներկայացրել է հերթական ապացույցները այն սպառնալիքների մասին, որոնք գալիս են  Կիևի վարչախմբի կողմից և որոնք չեզոքացնելու համար էլ նախաձեռնվել է հատուկ ռազմական օպերացիան»,- ասել է Լավրովը։ 

ՌԴ արտգործնախարարը նկատի ուներ հոկտեմբերի 6-ին Ուկրաինայի նախագահի տեսաուղերձը ավստրալիական «Լոուի ինստիտուտ» հետազոտական կազմակերպության միջոցառման ընթացքում։ 

Խոսելով Ռուսաստանի կողմից հնարավոր միջուկային հարձակման մասին՝ Զելենսկին կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի իր գործընկերներին կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանին։ 

«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն։ Բացառի ՌԴ կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Եվ ինչն է կարևոր, ես ևս մեկ անգամ դիմում եմ միջազգային հանրությանը, ինչպես դա արել եմ փետրվարի 24-ին՝ կանխարգելիչ հարվածներ, որպեսզի նրանք (ՌԴ-ն,- խմբ․) հասկանան, թե ինչ կլինի իրենց հետ, երբ կիրառեն (միջուկային զենք,- խմբ․)։ Եվ ոչ թե հակառակը՝ սպասել միջուկային հարվածների Ռուսաստանից»,- ասել է Զելենսկին։ 

Ավելի ուշ, Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հերքել է, թե ՌԴ-ի դեմ միջուկային հարվածների կոչ է արել՝ պնդելով, թե իր դիտարկումը թյուրըմբռնման պատճառ է դարձել։ 

Ըստ լրատվամիջոցի՝ Զելենսկին պարզաբանել է․ «Դուք (ՆԱՏՕ-ն,- խմբ․) պետք է հասցնեք կանխարգելիչ հարվածներ (նկատի ունենալով պատժամիջոցները,- BBC), ոչ թե հարձակվեք»։ 

Փաստացի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի պնդումը, թե Զելենսկին իր արևմտյան գործընկերներին կոչ է արել կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, չի համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի նախագահը խոսում է կանխարգելիչ հարվածի մասին՝ բացառելու համար ՌԴ-ի կողմից հնարավոր միջուկային հարձակումը։ Միևնույն ժամանակ, նա առհասարակ չի հստակեցնում, թե ինչպիսի զենքով կամ ինչ բնույթի պետք է լինի այդ կանխարգելիչ հարվածը։