«ՊՆ-ի աշխատանքը ես չեմ կարող գնահատել. այդ գնահատականը տալիս է ու սեպտեմբերի 13-14-ին տվեց հակառակորդը՝ մխրճվելով մեր սահմաններից ներս». Սեյրան Օհանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

 – Պարո՛ն Օհանյան, ձեր մեկնաբանությունն եմ խնդրում պաշտպանության նախարարության նոր որոշման հնարավոր ռիսկերի, արդյունավետության մասով,  ըստ որի եռամսյա հավաքները դառնում են 25-օրյա և պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար։

– Նախ նշեմ, որ յուրաքանչյուր ժամկետ՝ կլինի եռամսյա, 25-օրյա կամ այլ, այսօրվա իշխանություններն իրականացնում են ՊՆ-ի առաջարկությամբ, երևի հաշվի առնելով զորահավաքային պատրաստականության ծրագիրը, որը գոյություն ունի պետության մեջ։

Միանգամից ուզում եմ ասել, որ կարևորը ոչ թե ժամկետն է, այլ ծրագիրը, ու այս պարագայում տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը հնարել էր եռամսյա հավաքները, հիմա իրենք փոխում են։ Եռամսյա հավաքներն էլ, նոր առաջարկություններն էլ այսօրվա իշխանությունների որոշումն են։ Հավաքների ժամկետը որոշվում է՝ հաշվի առնելով զինված ուժերի կազմը, կառուցվածքը, զորահամալրումը։ Հաշվի է առնվում նաև զորահավաքային պատրաստականության մեջ գտնվող պահեստազորայինի, այսինքն՝ ՄՕԲ-ի, զինվորական հաշվառման մասնագիտությունը։

Այսօր միանգամից ասել, որ այդ ժամկետները ճիշտ են կամ ճիշտ չեն, չի կարելի, որովհետև իրենք ունեն համապատասխան հաշվարկներ և մանրակրկիտ հաշվի են առնում վերը նշածս բոլոր հանգամանքները։ 25-օրյա ծրագրով նախատեսվում է 7 օր պատրաստություն, ինչը հնարավորություն է տալու վերհիշելու և վերականգնելու այն ունակությունները, որ ունի պահեստազորայինը, որից հետո պետք է երկու շաբաթ մարտական հերթապահության մասնակցի։ Այստեղ կարևոր է պահեստազորայինի մասնագիտությունը․ ամեն մեկը պետք է իր մասնագիտությամբ պատրաստություն անցնի ու իր մասնագիտությամբ մարտական հերթապահություն իրականացնի։

Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում․ այն անձինք, որոնք երբևէ ծառայության մեջ չեն եղել ու երբևէ պատրաստություն չեն անցել, արդյոք մեկ շաբաթվա ընթացքում կարողանալո՞ւ են յուրացնել այդ ամենը՝ հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, երբ ամեն պահի հնարավոր է լինեն Ադրբեջանի սանձազերծած նաև մարտական գործողություններ։ Այս ամենը նախարարությունը պետք է նկատի ունենա։

Սրանք են այն բոլոր առանձնահատկությունները, որ կան, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ ինչ էլ իրենք այսօր կազմակերպում են, ուշացած է, որովհետև այդ ամենը պետք է կազմակերպվեր մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ, ընդ որում՝ պատերազմի խնդիրներից մեկը եղել է այն, որ զորամասերը ու ստորաբաժանումները համալրում, լրահամալրում և զորահամալրում չեն անցել։

Ակնհայտ է, որ հակառակորդի հարվածի գլխավոր՝ հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջրական, չեն կարողացել մեր մարտակարգում առաջացած ճեղքվածքը փակել, իսկ դա զորամասի հրամանատարի խնդիրը չէ։ Այսօր, երբ փորձում են վերլուծել պատերազմի գլխավոր պատճառները, պետք է նկատի ունենան, որ ամենագլխավոր պատճառն այն է, որ պետության ղեկավարությունը համալրում չի իրականացրել ու չի փակել այն ճեղքվածքը, որն առաջացել է հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ:

Եթե այդ ճեղքվածքը ժամանակին փակվեր, հակառակորդը չէր կարող հայտնվել ո՛չ Հադրութում, ո՛չ Ջրականում, ո՛չ էլ Շուշիում։ Պատերազմից հետո, երբ ադրբեջանցիներն արդեն մոտեցել են հայկական սահմաններին, այդ ժամանակ էլ համալրում չի իրականացվել, եթե դա իրականացնեին ու նաև լիարժեք պաշտպանություն կազմակերպեին մեր սահմաններին, այսօրվա աղետալի պատկերը չէինք ունենա մեր սահմաններին ու սահմաններից ներս։

– Այս որոշումից հետո կարծիքներ հնչեցին, որ Սուրեն Պապիկյանի մոտ ստացվում է բանակը ղեկավարել, որ կայացված որոշումը շատ լավն է ու բխում է ժողովրդավարական երկրի սկզբունքներից։ Համակարծի՞ք եք այս տեսակետներին ու որպես պաշտպանության նախկին նախարար՝ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս նախարարի աշխատանքը։

– Ներկայիս նախարարի աշխատանքը ես չեմ կարող գնահատել, ներկայիս նախարարի աշխատանքը պետք է գնահատեն իր ղեկավարները, ամենօրյա գործունեության մեջ ես չգիտեմ՝ ինչ որոշումներ են իրենք կայացնում։ Այն, որ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգ մինչև հիմա չկա, միանշանակ է, որ զինված ուժերի ընթացիկ համալրման և նաև զորահավաքային պատրաստության խնդիրները պետք է բարեփոխումների կամ զինված ուժերի զարգացման հայեցակարգի հիման վրա լինի, փաստ է, որ չկա, այսինքն՝ պահի թելադրանքով կայացված որոշում է, իսկ եթե որոշումները ռազմավարական տարրեր չեն պարունակում, դրանք ընդամենը պահի բացերը լրացնելուն են միտված։

Պաշտպանության նախարարի իրականացրած աշխատանքների գնահատականը տալիս է հակառակորդը․ հակառակորդը սեպտեմբերի 13-14-ին մխրճվեց մեր սահմաններ, բազմաթիվ դիրքային կորուստների մասին են խոսում, նույնիսկ այնպիսի դիրքերի, որոնք օրինակելի կահավորվել են։ Եթե դիրքը օրինակելի կահավորված է, բայց անձնակազմը պատրաստ չէ ամեն կերպ այդ դիրքը պաշտպանելու, դա շատ վատ է։

Միայն մի դրական բան կա, որ մենք լսում ենք. դա այն է, որ, այնուամենայնիվ, հայ հրամանատարն ու հայ զինվորը իրենց պարտքի զգացմամբ, իրենց պատրաստակամությամբ շատ վայրերում հերոսաբար կռվել են նույնիսկ մինչև վերջին փամփուշտը, ու այստեղ մենք պետք է փառք տանք հայ զինվորի, հայ հրամանատարի ոգուն, որը մեկ օրում, մեկ տարում չի ձևավորվում, դրանք տարիների ընթացքում ձևավորված հատկանիշներ ու ավանդույթներ են, որ փոխանցվել են նաև այսօրվա բանակին։

– Պարո՛ն Օհանյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հստակ ժամկետներ է նշում, որ Ադրբեջանի հետ պետք է կնքեն խաղաղության պայմանագիրն ու ավարտին հասցնեն սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ մինչև տարեվերջ դա հնարավոր կլինի։

– Նախ՝ ես չեմ տեսնում, որ մենք Անվտանգության խորհուրդ ունենք, ու այն աշխատում է մեր անվտանգության համար։ Երկրորդ՝ գնում են խաղաղության պայմանագրի կնքման, բայց ի՞նչ խաղաղության պայմանագիր․ խաղաղության պայմանագիր կնքում են պատերազմից հետո, իրենք փորձում են այս իրավիճակն օգտագործել ու վերջնական կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանն ու դրանով իսկ Արցախի հարցը վերջնականապես փակել ու միջանցք բացել Մեծ Թուրանի համար, ինչն անընդունելի է։

Խաղաղության, դելիմիտացիայի, դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ թշնամի, հակառակորդ երկրները դառնում են հարևան երկրներ ու պատրաստ են խաղաղ համակեցությամբ իրար հետ ապրելու։ Դրանից հետո ստեղծվում է երկու պետությունների խառը կառավարական հանձնաժողովներ, որոնք իրականացնում են այդ գործընթացները։ Արդյոք այսօր Ադրբեջանի գործողությունները դադարե՞լ են հանցագործ ու թշնամական լինելուց. ինչպես Ադրբեջանը հանցագործ վարքով սանձազերծել է Ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմները, այդպես էլ շարունակում է այսօր։

Ոչինչ չի փոխվել թե՛ նրա գործողություններում, թե՛ հռետորաբանության մեջ։ Եթե այս իշխանությունը մնա, իհարկե ադրբեջանական կողմը մինչև տարեվերջ կհասնի դրան, որովհետև այսօրվա իշխանությունները այդ պատասխանատվությունը չեն զգում, իրենք «ձեռքերը լվացել են» Արցախից, իրենք պետության ներսում առոք-փառոք, փողկապները կապած, իրենց աշխատասենյակներում պարգևավճարներ ստանալով ապրում են։ Այս պարտությունների շարունակականությունը կանգնեցնելու ելքը կարող է միայն մեկը լինել՝ ձերբազատվել պարտված իշխանություններից, փոխել բանակցողին։

– Հակառակ դեպքում կկնքվի Ադրբեջանի ցանկացած բովանդակությամբ պայմանագի՞րը։

– Իհարկե, Ադրբեջանն ինչ ուզում է այսօր՝ թելադրում է նաև Թուրքիայի պարտադրանքով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am