Շրջափակված Արցախի չլսվող ձայները. Գիտան

Գիտան

Առավոտյան առևտուր անելիս նկատեցի, որ շուկայում ոչ մի տեղ մոշ չկա, ու հո՜ տրամադրությունս չընկավ…

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող Գիտա Խաչատրյանի մեծ ընտանիքի համար օրը սկսվում է իմ առավոտից շատ ավելի վաղ՝ ժամը 6-ին: Նա էլ է գնում ու սկսում ընտրել հատապտուղներ, բայց ոչ շուկայից. Ստեփանակերտում հիմա ո՛չ շուկա կա, ո՛չ էլ խանութ: Եղածների դեպքում էլ՝ միայն հատուկենտ խմիչքներ ու դարն ապրած մայոնեզների շքերթ:

– Մի քանի օր առաջ երկու տարեկան թոռնիկս էնքան լացեց, պեչենի էր ուզում, տարանք խանութ, որ տեսնի՝ չկա: Եկանք տուն, մի քիչ ալյուր կար, ձու, խառնեցինք, ալադի սարքեցինք… մինչև ճանապարհը բացվի: 

Նա մոշն իր այգուց է քաղում, որ սկսել է մշակել շրջափակման ընթացքում: Հանկարծ մի օր մտքով անցել է, որ մեկ հեկտար տարածքում, բացի պտղատու ծառերից, պղպեղ, վարունգ, լոլիկ և այլ բանջարեղեն կարելի է աճեցնել: Հիմա Արցախում անգամ սոխի կիլոգրամն արժի 1700 դրամ, ուր մնաց թե՝ լոլիկ: Տիկին Գիտան, որ հինգ երեխա ունի, տունը վարձակալում է: Երկու տղաներն ամուսնացած են, դիրքերում են ծառայում, ու շրջափակման պայմաններում կենցաղն ավելի հեշտ կազմակերպելու համար բոլորը միասին են ապրում՝ երկու հարսները, երկու տղաները, թոռները և տանտիրուհու մայրը: 

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի անջատումները սովորական են դարձել, դրա համար ժամ պայմանավորվեցինք ու անկուշտի պես սկսեցինք խոսել. մարդ ես, լույսը հանկարծ էլի չտանեն: Օրվա ընթացքում չորս ժամ լույս ունենալուն հաջորդում է երկու ժամ անջատումը ու այսպես անդադար: 

– Այսօր ի՞նչ եք պատրաստելու,- հարցնում եմ Գիտային, որ թոռանը՝ Լյուսիին գրկած նստած է: 

– Վա՜յ, այսօր դելիկատես է՝ բազուկ, հենց նոր եմ քաղել: 

Մինչ նա ծիծաղում է, ես զարմանում եմ, որ կարելի է 225 օր մնալ շրջափակման մեջ ու այսքան հանդարտ, անվրդով լինել: Տիկին Գիտան Ստեփանակերտի խանութներից մեկում վաճառողուհի էր աշխատում, երբ սկսվեց շրջափակումը, որը, ենթադրում էին, թե «էսօր-էգուց կվերջանա»: Մինչև տարեվերջ աշխատելուց հետո այլևս չվերադարձավ աշխատանքի՝ վաճառողուհու կարիք չկար, որովհետև վաճառելու ապրանքները վերանում էին դարակաշարերից: 

– Մինչև ճանապարհը բացվի. սա ամենաշատ հնչող արտահայտությունն է այստեղ: 

Կտրոնները, որ էկրանից այն կողմ ինձ ցույց է տալիս, գունավոր ու նկարազարդ են: Կտրոնը կա, բայց ապրանք չկա. ձեթն է իսկական դելիկատես, որ Արցախում անհնար է գտնել: 

– Առաջին անգամ որ տալոն տվեցին, շատ խորթ էր: Գնալ, հերթ կանգնել, իսկ հիմա հերթերը երկարում են ու երկարում, որովհետև մարդիկ անգործ են՝ շատ ժամանակ կա հերթում կանգնելու համար:

Տանը, որտեղ ամենափոքր երեխան երկու տարեկան է, միասին են ամեն ինչ անում, չնայած տիկին Գիտան աշխատում է հարսներին ազատ թողնել, որ երեխաներով զբաղվեն, շատ մտածելու բան չունենան: Շրջափակումից մինչև այսօր, ասում է՝ 12 կգ նիհարել է: Այս ամենի մասին ժպիտով է պատմում. 

Գիտան մինչեւ շրջափակումը, երբ դեռ աշխատում էր:

– Օր է լինում՝ 5 կմ քայլում եմ, մինչև հասնում եմ որևէ խանութ: Պատահում է, որ իմանում եմ՝ մի տեղ կաթի հերթ է, գնում եմ, հացի փուռ եմ իջնում, որ առավոտյան արթնանան, նախաճաշին հաց լինի, եթե բախտներս բերեց՝ կաթ ու նաև ձու:

Մեծերը գիտակցաբար են մոտենում իրավիճակին, չնայած ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող մարդու համար ամեն րոպե իրեն գիտակից պահելը դժվար է: 

Զրույցի ընթացքում ուղղաթիռի ձայն լսվեց, տիկին Գիտան էլ ասաց, թե ուրախանում են, երբ այս ձայնը լսում են, ենթադրում են, որ օգնություն է եկել, բայց օգնությունը չի հասնում, ու հարց է ծագում՝ ո՞ւր են թռչում ուղղաթիռները:

– Հավանաբար՝ ռուսներին,- ենթադրում է,- էն օրը բանկոմատից ռուս զինվորականները փող էին հանում: Ուզում էի հարցնել՝ որ հանում եք, որտեղի՞ց եք առևտուր անում, հետո մտածեցի՝ ի՜նչ եմ միամիտ-միամիտ մտածում, իրենք ամեն ինչ էլ ունեն:

Օր է լինում, որ երկու հաց են կարողանում վերցնել փռից, որտեղ վառելիք չկա անհրաժեշտ քանակով հաց թխելու համար: Տրանսպորտը չի աշխատում, Արցախում բոլորը քայլում են, «առողջ ապրելակերպ» են վարում: Գիտայի տղան շրջափակման ժամանակ մի մեքենա է գնել, որ հեշտ լինի աշխատանքի գնալը, բայց հիմա գազ չկա, մեքենան էլ բակում պարապ կանգնած է: 

– Տղայիս ասացի՝ շատ մարդիկ կան, որ մտածում են մի ձև թողնեն գնան, դու ավտո՞ ես առնում: Տղաս ասաց՝ ի՞նչ գնալ, մենք էստեղից գնացող չենք, սա մեր տեղն է, ո՞ւր պիտի գնանք: Բայց գիտե՞ս, երբ նայում եմ թոռներիս, մտածում եմ՝ էրեխեքը մեզ հետ ասես ծերանում են, հետո ինձ հավաքում եմ ու ասում՝ սենց օրեր ենք հաղթահարել, սա էլ կանցնի:

Գիտան ո՛չ լացում է, ո՛չ էլ տրտնջում. ինքն այդ արտոնությունից իրեն զրկել է: Իր առօրյայով է ապրում ու թույլ չի տալիս, որ որևէ բան խախտի ամառվա շրջանին հատուկ իր սովորույթները: Ներքնակի բուրդը հանել է, լվացել, հարսներն էլ զարմացել են: 

– Հարսներիս ասացի, որ ամառվա այս շրջանում ես միշտ սրանով եմ զբաղվում, տան մաքրությունն եմ անում, ինչո՞ւ պիտի չանեմ: Եթե չաշխատեմ, չզբաղվեմ, մտածմունքներս հանգիստ չեն տա ինձ: Բոլորին ներգրավում եմ, որ պարապ մարդ չունենանք: 

Լույս չեղած ժամանակ՝ ամառվա երկար օրն է փրկում, զրույցները, քննարկումները, բայց սարերի հետևում գտնվող ձմեռը հուշում է, որ փայտ պիտի ձեռք բերել, որն Աստված գիտի, թե ինչպես պետք է հասցնել Ստեփանակերտ: Երեխաները ճագարների ու շրջափակման ժամանակ ձեռք բերած հավի ճուտիկների հետ են խաղում, փորձում են զբաղեցնել իրար: Արցախում այս պայմաններում անգամ ծնունդ են նշում, եթե դա կարելի է նշել համարել: Գիտայի ծննդյան օրը, օրինակ, տղան մի կերպ, այստեղից-այնտեղից տորթ է գտել, ա՛յ շամպայն հայթայթել չի ստացվել…

Շրջափակման ժամանակ ամենադժվարը սնունդը չէ, լույսի բացակայությունը չէ, անգամ ազատ տեղաշարժի խնդիրը չէ, անգամ այն, որ Գիտայի մայրը շաքարային դիաբետով հիվանդ է, ու դեղորայքի պակասի խնդիր կա այնտեղ, այդ չէ: Դեղորայքի պակասի խնդիր կա, հասարակ գլխացավի դեղ գտնելն այնքան դժվար է, որ «Արցախում չեն հիվանդանում»:

– Ամենաահավորը, որ մի օր հանկարծ հասկանամ, որ էնքան անզոր եմ, որ չեմ կարող բացատրել թոռներիս, թե ինչի՛ համար է էսպես: Էդ է ահավորը: 

Երբ Ստեփանակերտում հացի փռի մոտ հերթ է գոյանում, ուրեմն լույսերը տվել են: Քաղաքում իրար կողքով նախկինում պարզապես անցնող մարդիկ հիմա կանգնում են փռից տուն տանող ճամփին, եթե տեսնում են՝ ձեռքիդ տոպրակ կա: Հարցուփորձ են անում՝ հը՞ն, ի՞նչ է տոպրակի մեջ: Ու եթե որևէ բան ես գնել, բայց գիտես, որ այլևս չկա, տոպրակից հանում ու տալիս ես. մարդիկ չեն դադարում մարդ լինելուց: Ամենատարածված հյուրասիրությունը հիմա ձմերուկն է, որի կիլոգրամն արժի 350 դրամ (հուլիսի 24-ի դրությամբ): 

– Վարունգ էլ եմ փակելու, ի՜նչ ա էղել որ: Վարունգը կքաղեմ, գազ չլինի, ցախը կհավաքեմ, բակում կվառեմ ու կփակեմ: Գլխներից թո՛ղ հանեն գնալը, էս հողի համար մեր տղերքը զոհվել են, պայքարել են, էս հողից գնացող չկա: 

Գիտայի աղջիկը, որ Աղավնոյից է տեղահանվել, այժմ Երևանում է, հուլիսի 25-ից սկսած՝ սպասում են նրա երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Աղջկա որդին տեսազանգով էլ չի ուզում տատի հետ խոսել.

– Ասում է՝ կարոտել եմ, դրա համար էլ չեմ խոսում: 

Շրջափակումը հենց ավարտվի, առաջինը Երևան է գալու՝ աղջկան ու թոռներին տեսության: Իսկ հիմա փակոցն ու բուրդը սպասում են, հացի փռի հերթում պիտի կանգնել, որ հերթդ շուտ գա, մոշը պիտի քաղել, որ թոռները շատ բան գլխի չընկնեն, էնքա՜ն գործ կա անելու, ինչպես ինքն է ասում …

«Մինչև ճանապարհը բացվի…» 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am