Կորոնավիրուսի դեմ աշխարհի առաջին պատվաստանյութը կգրանցվի Ռուսաստանում մի քանի օրից. Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ աշխարհի առաջին պատվաստանյութը կգրանցվի Ռուսաստանում մի քանի օրից:

Ըստ նրա՝ ռուս գիտնականներն անց են կացրել անհրաժեշտ թեստային փուլերը և ապացուցեցին դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը: «Մեր բժշկությունը պատշաճ կերպով հաղթահարել է համաճարակը և այժմ հույս է տալիս ոչ միայն մեր երկրին, այլև ամբողջ աշխարհին: Ժամանակին խորհրդային արբանյակը մարդկության ճանապարհը հարթեց դեպի տիեզերք, այժմ ռուսական պատվաստանյութը ճանապարհ կհարթի դեպի ապագա ՝ առանց COVID-19- ի, դիմակների և սոցիալական մեկուսացման», գրել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՌԴ առողջապահության նախարարն օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ զանգվածային պատվաստումները Ռուսաստանում կարող են սկսվել հոկտեմբեր ամսից, բայց առաջին հերթին պատվաստվելու են բնակչության այն ներկայացուցիչները, ովքեր անընդհատ կապի մեջ են մարդկանց մեծ խմբերի հետ, ինչպիսիք են բժիշկներն ու ուսուցիչները: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատվաստումները անվճար կլինեն:

Ուշագրավ է, որ արևմտյան գիտնականները կասկածամտությամբ են ընդունել ռուսական պատվաստանյութի մասին լուրերը, իսկ բրիտանական հետազոտական կենտրոններն էլ հայտարարել են, որ ռուսական պատվաստանյութը ստեղծվել է իրենցից գիտահետազոտական տվյալներ գողանալու շնորհիվ։ Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան Ռուսաստանին մեղադրում էին արևմտյան լաբորատորիաներից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման շուրջ հետազոտությնների տվյալները հաքերական հարձակումների միջոցով հափշտակելու մեջ:

Նմանատիպ արագությամբ պատվաստանյութ հայտնաբերելու ու փորձարկելու անվտանգությամբ անհանգստացած՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախորդ շաբաթ Ռուսաստանին հորդորել էր հետևել Covid-19- ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր արտադրելու միջազգային ուղեցույցներին։ 

www.MediaLab.am