Հակառակ իշխանության հռետորաբանության՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ռուսական կախվածության մեջ

Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին հետևողականորեն կառուցում են հակառուսական խոսույթ՝ շեշտելով տնտեսության դիվերսիֆիկացման, նոր շուկաների և ռուսական կախվածության նվազման մասին։ 

Սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս բացարձակ հակառակ միտում, ըստ որի Հայաստանի բյուջեի ձևավորման հիմնական դերակատարները շարունակում են կապված մնալ ռուսական շուկայի, կապիտալի և մատակարարման շղթաների հետ։

2025 թվականի խոշոր հարկատուների առաջին տասնյակը գլխավորում են՝ «Մոբայլ սենթր արտ», «Գրանդ տոբակո», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Գազպրոմ Արմենիա», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Դիջիթեյն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Սի Փի Էս էներջի գրուպ» և «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունները, որոնց մեծ մասը ուղղակի կամ անուղղակի կապված է Ռուսաստանի հետ։

Առաջատար «Մոբայլ սենթր արտ»-ը հիմնականում զբաղվում է բջջային հեռախոսների վերաարտահանմամբ դեպի Ռուսաստան, այսինքն՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն իրականում ռուսական շուկայի վրա հիմնված արտահանման միջնորդ է։

Երկրորդ և ութերորդ հորիզոնականներում գտնվող «Գրանդ տոբակո»-ն և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը նույն խմբի մաս են և իրենց արտադրանքի հիմնական վաճառքը նույնպես իրականացնում են Ռուսաստանի շուկայում։ 

Երրորդ և չորրորդ տեղերում գտնվող ԶՊՄԿ-ն և «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական կապիտալի վրա հիմնված ընկերություններ են՝ առաջինը Հայաստանի հանքարդյունաբերության հիմնական ակտիվն է, որտեղ ՔՊ-ի թեթև ձեռքով վերջին տարիներին ռուսական կապիտալի դերակատարությունը էականորեն աճել է, դե իսկ երկրորդը «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունն է։

Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում գտնվող «Արդշինբանկն» ու «Ամերիաբանկը» վերջին տարիներին զգալիորեն աճել են հատկապես Ռուսաստան–Հայաստան ֆինանսական հոսքերի սպասարկման և վերաարտահանման սխեմաների ֆինանսավորման շնորհիվ։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո Հայաստանը դարձել է ֆինանսական գործիք, և բանկերի շահույթի կարևոր մասը ձևավորվում է հենց այդ ծառայություններից։

Տասնյակում ռուսական շուկայից հարաբերականորեն անկախ կարելի է համարել միայն երկու խաղացող՝ «Դիջիթեյն»-ը և «Սոֆթ կոնստրակտ»-ը, որոնց հարկային ցուցանիշները պայմանավորված են խաղադրույքների աննախադեպ աճով։

Տասնյակի վերջին՝ «Սի Փի Էս էներջի գրուպ»-ը վառելիք ներմուծող է, որի մատակարարումների հիմնական աղբյուրը նույնպես Ռուսաստանն է։

Այսպիսով, խոշոր հարկատուների առաջին տասնյակից առնվազն ութը իրենց եկամուտների էական մասը ձևավորում են ռուսական շուկայի, ռուսական կապիտալի կամ ռուսական մատակարարման շղթաների միջոցով, և սա դեռևս հաշվի չառնելով տասնյակ հազարավոր մանր ու միջին ընկերությունների, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի կախվածությունը ռուսական շուկայից:

Եվ այսպես, ամեն անգամ, երբ Հայաստանում խոսում են Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներից Հայաստանն ազատելու մասին, հիշեք, որ ՀՀ տնտեսությունը թերևս երբեք այսքան ակնհայտ կախվածություն չի ունեցել Ռուսաստանից:

MediaLab.am