«Խիյարը թարս բուսնեց», «տոնը փչացավ». Սերժ Սարգսյանի խոսքերը ու վերաբերմունքը, ըստ վերլուծաբանի` ոչ մրցակցային ընտրությունների հետևանք

«Խիյարը թարս բուսնեց», «տոնը փչացավ». Սերժ Սարգսյանի խոսքերը ու վերաբերմունքը, ըստ վերլուծաբանի` ոչ մրցակցային ընտրությունների հետևանք
«Խիյարը թարս բուսնեց», «տոնը փչացավ». Սերժ Սարգսյանի խոսքերը ու վերաբերմունքը, ըստ վերլուծաբանի` ոչ մրցակցային ընտրությունների հետևանք

Այսօր Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Մովսես գյուղում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը գյուղացիներից մեկի հետ, որ համացանցում բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել, քաղաքական վերլուծաբանը որակում է որպես «հասարակության առջև որևէ պատասխանատվություն չկրողի» վերաբերմունք:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ 2013-ի նախագահական ընտրությունները իր նախընտրական քարոզարշավով տարբերվում են նախորդ՝ 2008-ի նախագահական ընտրություններից մեկ կետով, որ «գործող նախագահի համար որևիցե մրցակից չկա», քանի որ տարեվերջին երկու հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը` Հայ ազգային կոնգրես դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հայտարարեցին, որ չեն մասնակցելու նախագահական ընտրություններին՝ ճանապարհ բացելով Սերժ Սարգսյանի համար:
«Նա գիտի, որ ինքն է նախագահ լինելու, իր ցուցանիշները նույն ձևով նկարվելու են, ինքը շարունակելու է իր նույն աշխատանքը, այդ իսկ պատճառով որևէ պարտավորություն չի զգում քաղաքացիների հարցերը լուծելու համար և կարծում է` քաղաքացիների հետ ամեն ձևով կարող է խոսել»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա մատնանշում է, որ նախագահը պարտավոր չէ գործարան բացելու, բայց պարտավոր է տնտեսական այնպիսի վիճակ ստեղծելու, որ գործարան բացողն այն բացի, ու մարդիկ մնան, աշխատեն իրենց երկրում, ոչ թե արտագաղթեն ու գնան Ռուսաստան:

«Իսկ քանի որ նրա վարած քաղաքականությունն այնպիսին է, որ փոքր ու միջին գործարարները փախան, գնացին Վրաստանում իրենց բիզնեսը դնելու, և նրա պաշտոնավարման տարիներին հազարավոր մարդիկ արտագաղթեցին Հայաստանից, ապա հիմա էլ նույն ձևով է շարունակում, և մարդիկ կգնան, նորից կարտագաղթեն»:

«Ուղղակի հասարակության առջև որևէ պարտավորություն չունենալ. սա նրա համար նորմալ է»,- հավելում է Բադալյանը:

Հիշեցնենք, որ ըստ «168 ժամի» ՝ այսօր Տավուշի մարզ կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Մովսես գյուղի եկեղեցու բակում Սերժ Սարգսյանը մոտեցել է մի տարեց մարդու, ով բողոքել է նախագահին՝ նշելով, որ գյուղը դատարկվում է, երեխաներն էլ Ռուսաստանում են:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համա՞ր էլ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»:

«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- հակադարձել է գյուղացի մարդը:

«Գյուղում զավոդ լինե՞ր»,- հարցրել է Սարգսյանը և տարեց մարդու «հա» պատասխանից հետո շարունակել. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի´կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար, գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:

Հիշեցնենք, որ երեկ նույնպես նմանատիպ դեպք էր գրանցվել, երբ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին, Եռաբլուր պանթեոնում Սերժ Սարգսյանին էր մոտեցել լաց լինող կանանցից մեկը և բողոքել սոցիալական վիճակից:

«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տեսանյութի զայրացած տոնով ասել էր Սերժ Սարգսյանը:

© Medialab.am