Ֆրանսիայում հաքերները կիբերհարձակման միջոցով խափանել են առնվազն 350 սուպերմարկետների սառնարանների աշխատանքը՝ հեռավար փոխելով դրանց ջերմաստիճանը։
Արդյունքում մեծ քանակությամբ միս և սառեցված սննդամթերք փչացել է, իսկ որոշ խանութներում հրդեհներ են բռնկվել, հաղորդում է Euronews-ը։ Հարձակումից տուժել են Carrefour, Monoprix, Intermarché և Coopérative U խոշոր առևտրային ցանցերի խանութները։
Հաքերները ներթափանցել են ինտերնետին միացված սառեցման համակարգերի կառավարման ծրագրեր և փոխել դրանց աշխատանքային կարգավորումները։ Որոշ սառնարաններում ջերմաստիճանը հասել է մինչև 50 աստիճանի։ Ֆրանսիայի կիբերանվտանգության գործակալության տվյալներով՝ հարձակման են ենթարկվել դանիական Danfoss ընկերության ծրագրերով, ինչպես նաև Copeland և Dixell համակարգերով աշխատող սարքեր։
Reuters գործակալության ուսումնասիրությամբ՝ միայն Danfoss-ի առնվազն 4500 կառավարման ինտերֆեյս դեռ հասանելի է եղել համացանցում։ Կիբերանվտանգության մասնագետները զգուշացնում են, որ դրանցից շատերն օգտագործում են հնացած ծրագրային ապահովում և շարունակում են խոցելի մնալ։ Danfoss ընկերությունը հայտնել է, որ տուժած սարքերից շատերի շահագործման ժամկետն ավարտվել է, և դրանք այլևս անվտանգության թարմացումներ չեն ստանում, կամ աշխատում են հնացած ծրագրերով։ Ֆրանսիական իրավապահները հետաքննում են կիբերհարձակումը։ Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, և հայտնի չէ նաև հարձակման նպատակը։ Ըստ Reuters-ի՝ հետաքննիչներին զարմացրել է այն հանգամանքը, որ հաքերները փրկագին չեն պահանջել։
Միաժամանակ կիբերանվտանգության միջադեպ է գրանցվել նաև Նիդերլանդներում՝ Albert Heijn սուպերմարկետների ցանցի գործունեությունը խափանող համակարգերում։ Սակայն Նիդերլանդների կիբերանվտանգության ազգային կենտրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Նիդերլանդների միջադեպերի միջև կապի ապացույցներ չկան։ Մասնագետները զգուշացնում են, որ նման հարձակումները կարող են վտանգել ոչ միայն առանձին խանութների գործունեությունը, այլև սննդամթերքի մատակարարման համակարգերի անվտանգությունը։



















