Անակնկալ հայտարարություն գազի ոլորտի մասին

Անակնկալ հայտարարություն գազի ոլորտի մասին
Անակնկալ հայտարարություն գազի ոլորտի մասին

«Ներազգային ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը փետրվարի 11-ին լրագրողներին ասել է, որ Գազպրոմ Արմենիայի մի աշխատակից իրենց է ներկայացրել մի սարք, որով գազը կալորիազրկվում է եւ դրանով գազի ծավալն ավելանում, ու այն մատակարարվում է բնակչությանը:

Ըստ Մարտիրոսյանի, մինչեւ Հայաստանի սահման գալիս է նորմալ կալորիայով գազ, քանի որ այն մի քանի տեղ ստուգվում է, իսկ սահմանից այս կողմ՝ արդեն կալորիազրկվում:

Ի դեպ, նա հայտարարել է նաեւ, որ այդպիսի նախադեպ եղել է նաեւ Ուկրաինայում, որտեղ գիտությունների ակադեմիան էր ապացուցել գազի անորակ լինելը:

Վահան Մարտիրոսյանն ասել է, որ Հայաստանում գազի կալորիականությունը ստուգող լաբորատորիաները պատկանում են Գազպրոմ Արմենիային, եւ փաստացի ստացվում է, որ իրենք իրենց ստուգում են: Նա ասել է, որ բնակչությունը պետք է մեծաքանակ պահանջներ ներկայացնի այդ ընկերությանը, որպեսզի ընկերությունը շահագրգռված լինի ապացուցել, որ գազն անորակ չէ:

Գազի որակի հարցը Հայաստանում հուզում է շատերին: Մարդիկ օրինակ ասում են, որ նախկինում նույն գազօջախի վրա սուրճն ավելի արագ էր եռում, քան այժմ: Գազի որակից դժգոհում են ավտոմեքենաների վարորդները, ովքեր իրենց մեքենան գազ են լիցքավորում:

Այդ ամենին տրվող պատասխանը մեկն է՝ գազի որակը նորմալ է: Դա են ասում Գազպրոմ Արմենիան, դա է ասել նաեւ էներգետիկայի նախարարը, հայտարարելով, թե գազին օդ խառնել հնարավոր չէ: Վահան Մարտիրոսյանը փաստորեն ասում է, որ ոչ թե օդ են խառնում, այլ կալորիազրկում են:

Գազպրոմ Արմենիան բնականաբար կրկին հերքելու է այդ հայտարարությունը:

Նորմալ երկրում խնդիրը պետք է դառնար անկախ կառույցների ուսումնասիրության առարկան: Օրինակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Դրա նախագահ Ռոբերտ Նազարյանը օրերս խորհրդարանում հայտարարել էր, թե «ամեն ինչ տեսել է ու հիմա էլ մայրամուտի մեջ է, ոչ հավակնություններ ունի, ոչ պաշտոն է ուզում»:

Ի դեպ, այդ հայտարարությունը վախեցրել էր Հովիկ Աբրահամյանին: Իհարկե, այդ հայտարարությունը Հայաստանի համակարգի համար վախենալու հայտարարություն է, որովհետեւ հավակնություններ չունենալն ու պաշտոն չուզելը Հայաստանի իշխող համակարգում նույնական է «սուիցիդալ» հակումների հետ: Իսկ ինչպես Հայ Առաքելական եկեղեցում չկա անհատական խոստովանության ինստիտուտ, այդպես էլ «հայ առաքելական համակարգում» չկա անհատական «սուիցիդի» ինստիտուտ՝ այստեղ մեկի քաղաքական «ինքնասպանությունը» կարող է ծանր քաղաքական հետեւանքներ ունենալ ամբողջ համակարգի համար: Կարդալ ավելին