Միջազգային մարդասիրական օգնությունը ՀՀ-ին՝ համավարակի ընթացքում․ FIP.am

«Փաստերի ստուգման հարթակն» օրերս ամփոփել էր COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցությունը։  

Առողջապահության նախարարության՝ FIP.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ համավարակի ընթացքում Հայաստանը ստացել է նաև մեծաքանակ մարդասիրական օգնություն՝ սարքավորումների, պաշտպանիչ ու բժշկական պարագաների ու նյութերի տեսքով:  

Եվրոպական երկրներ, ԱՄՆ

Այսպես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) մի շարք բժշկական սարքավորումներ ու պարագաներ է հատկացրել, իսկ այդ երկրում գործող «Հայ-գերմանական բուժաշխատողների միությունը» ՀՀ-ին է տրամադրել 50 հատ վիդեոլարինգոսկոպ:

Եվս 1000 հատ թեստ հատկացրել է Նիդերլանդները: Ֆրանսիայի կառավարությունը  տրամադրել է 1 շարժական բուժական կայան, գեներատորներ, 4 պալետ դեղորայք, սարքավորումներ և այլ պարագաներ: Լիտվան մեր երկիր է ուղարկել 10,550 հատ դիմավահան, 30,000 թեստ, 60,000 հատ փորձանմուշի տարա, լիտվական արտադրության թոքերի օդափոխիչի 20,000 հատ ֆիլտր: Լեհաստանի «Միջազգային համերաշխության հիմնադրամը» 20,000 հատ բժշկական դիմակ, 2400 դիմավահան, 2700 լիտր ախտահանիչ հեղուկ է ուղարկել: Չեխիայից ՀՀ-ին է տրամադրվել 100,000 դիմակ և 43,000 հատ ձեռնոց: 

Բուլղարիան տրամադրել է ակնոցի, սաղավարտի, պաշտպանիչ հագուստի 500 հավաքածու: Սերբիան հատկացրել է 10,000 հատ արհեստական շնչառության սարք, 10 մոնիտոր, 500,000 հատ վիրահատական և 100,000 հատ շնչառական դիմակ, 25,000 հատ պաշտպանիչ ակնոց, նույնքան բժշկական հանդերձանք: 

Շվեյցարիայի Դաշնային ժողովի ազգային խորհուրդը արհեստական շնչառության մեկ սարք է հատկացրել ՀՀ-ին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանին մինչև օրս տրամադրել է 10,000 հակադարձ տրանսկրիպտազային ՊՇՌ թեստ`փորձարկման ժամանակը 5 ժամից նվազեցնելով 75 րոպեի, 30,000 հատ ՊՇՌ խողովակ, 40 հատ թթվածնային կոնցենտրատոր և 3 ուլտրաձայնային սարք, առաջնային առողջապահական հաստատությունների և ծննդատների համար պատվիրվել է հեղուկ օճառի և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանման 500 դիսպենսեր սարք: Առաջնային առողջապահական հաստատությունների համար ձեռք է բերվել երկու ստացիոնար ռենտգեն ապարատ և 2000 զարկերակային օքսիմետր: 

COVID-19-ի կապակցությամբ առողջապահական ծառայություններ մատուցող անձանց և լաբորատորիայի անձնակազմի համար կազմակերպվել են առցանց դասընթացներ, կազմվել են COVID-19-ին առնչվող ուսուցողական փաթեթներ:

Մերձավոր Արևելք, Ասիա

Հարևան Իրանի Իսլամական հանրապետությունը ՀՀ-ին է տրամադրել ախտահանիչ նյութեր, սարքեր: Արաբական Միացյալ Էմիրությունները հատկացրել է մեկ ամբողջ ինքնաթիռ դիմակ, ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանության միջոցներ, Հնդկաստանը՝ 50,000 հատ հիդրոքլորոկին հաբ: 

Ճապոնիան ՀՀ-ին է տրամադրել $2․,7 մլն արժողությամբ MRI սարք, 1000 ռապիդ թեստ և 100 պացիենտի բուժման համար «Ավիգան» դեղ: Չինաստանը՝ 2000 բժշկական արտահագուստ, 2000 բժշկական դիմակ, 100,000 պաշտպանիչ դիմակ, Կորեան՝ 5 ուլտրաձայնային ախտորոշիչ՝ հայաստանյան բժշկական կենտրոններին:  

ՌԴ-ից բացի, ԵԱՏՄ այլ գործընկերներ չեն օգնել ՀՀ-ին

Ըստ կառավարության տրամադրած տվյալների, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին է տրամադրել 20,000 հատ ՊՇՌ թեստ, 33,500 ռիբոպրեդ ռեագենտ, 7 հատ ինֆրակարմիր անհպում ջերմաչափ, 600 հատ հավաքածու թեստ-համակարգ: Հատկանշական է, որ ԵԱՏՄ այլ երկրներից ֆինանսական կամ մարդասիրական օգնության մասին գործադիրը տվյալներ չի հաղորդում:

Միջազգային կազմակերպություններից Առևտրի համաշխարհային կազմակերպությունը մոտ $72,000-ի պարագաներ ու սարքեր է նվիրաբերել ՀՀ-ին: Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 10,000 թեստ, 20,000 արտահագուստ, 80,000 դիմակ, 100 կոնցենտրատոր, 22 արհեստական շնչառության սարք:  

Միջազգային բժշկական խմբերի այցեր

Համավարակի ընթացքում Հայաստան են այցելել նաև մի շարք երկրներից բուժաշխատողների խմբեր, որոնք մասնագիտական աջակցություն են ցույց տվել    տարբեր ԲԿ-ների բուժանձնակազմներին: Մեր երկիր այդպիսի խմբեր են այցելել Լիտվայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից՝ ընդհանուր մոտ 70 հոգի, որից 12-ը փորձագետ, 35-ը՝ բժիշկ և 19-ը՝ բուժքույր/բուժեղբայր: 

Բոլոր խմբերն իրենց հետ բերել են նաև հումանիտար օգնություն՝ բժշկական ու պաշտպանիչ պարագաների, սարքավորումների տեսքով: 

Պատվաստանյութերի հատկացումներ

Համավարակի ընթացքում մի շարք երկրներ Հայաստանին նվիրաբերել են տարբեր պատվաստանյութերի խմբաքանակներ: Պատվաստանյութերի ամենամեծ խմբաքանակը   մեր երկրին է հատկացրել Նորվեգիան՝ Moderna-ի 620,000 դեղաչափ: Այս պատվաստանյութի ևս 50,000 դեղաչափ ՀՀ-ին նվիրաբերել է Լիտվան: 

Չինաստանը ՀՀ-ին է նվիրաբերել Sinopharm-ի 400,000 դեղաչափ, Ռուսաստանը՝ Sputnik V-ի 218,000 դեղաչափ: 

AstraZeneca պատվաստանյութի 187,000 դեղաչափ է հատկացրել Բելգիան, 100,000-ը՝ Հունգարիան, 50,000-ը՝ Ֆրանսիան (ևս 150,000 դեղաչափի շուրջ բանակցություններ են ընթանում), 27,500-ը՝ Լիտվան։ Լեհաստանն ու Բուլղարիան այս պատվաստանյութից մեր երկրին հատկացնելու են համապատասխանաբար՝ 200,000 և 50,000 դեղաչափ: Գերմանիայի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Johnson and Johnson պատվաստանյութի 100,000 դեղաչափ ստանալու շուրջ: 

Առողջապահության նախարարությունից FIP․am-ին հայտնեցին, որ բանակցություններ են ընթանում Pfizer ու Moderna պատվաստանյութերի նվիրաբերման շուրջ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Իտալիայի, Ռումինիայի հետ:

Փաստերի ստուգման հարթակ