«Իրավապահ մարմինների անլուրջ մոտեցումը ընտանեկան բռնություններին ի վերջո հանգեցնում է սպանության». Արման Ղարիբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, լրագրող Արման Ղարիբյանը

– Պարո՛ն Ղարիբյան, ֆեյսբուքյան գրառում էիք արել, որ 5 ամսում Շիրակի մարզում ընտանեկան բռնության հետևանքով արձանագրվել է 5 մահվան դեպք։ Կմանրամասնե՞ք։

– Նախ ասեմ, որ այդ հրապարակման մեջ նշված թվերը, որ ես վերցրել էի քննիչից, այսօր Շիրակի մարզի դատախազությունից պարզեցինք, որ իրականությանը չեն համապատասխանում։ Դեռ չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է քննիչը նման թիվ տրամադրել, կարծեմ 2 դեպք է մարզում գրանցվել 5 ամսվա ընթացքում։

– Այնուամենայնիվ, ընտանեկան բռնության հետևանքով թեկուզ մահվան ելքով 2 դեպք՝ ինչպե՞ս եք գնահատում։ Նման ելքով ընտանեկան բռնության դեպքերը շատացե՞լ են, թե՞ նվազման միտում կա։

– Ամբողջ խնդիրն այն է, որ լիարժեք վիճակագրություն չունենք, որպեսզի հասկանանք՝ մահվան ելքով դեպքերի քանակն աճել է, թե՞ ոչ։

Կարող է տարի լինել, որ ավելի լինի կամ պակաս, բայց, մեծ հաշվով, դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում, իսկ պատկերն այն է, որ բռնարար տղամարդիկ իրենց անպատժելի են զգում ու, առնվազն բարոյական մակարդակում, կարծում են, թե իրավունք ունեն իրենց կանանց կամ նախկին կանանց սպանելու, որովհետև հասարակությունը խստորեն չի դատապարտում այդ արարքն ու չի բացատրում, որ բացարձակ իրավունք չկա, անկախ կնոջ հետ ունեցած հարաբերություններից, բռնության ենթարկել, առավել ևս՝ սպանել կնոջը։

Հանրության անտարբերության խնդիրը կա, ու, ցավոք սրտի, մենք չենք գիտակցում, որ մեր այս անտարբերությամբ ավելի շատ վնասում ենք այդ ընտանիքներին, քան օգնում, չմիջամտելով, մենք թույլ ենք տալիս, որ առկա խնդիրն ավելի խորանա։ Իհարկե, չպետք է մոռանալ պետության դերի մասին։

– Իմ դիտարկումը հենց այդ համատեքստում է, պարո՛ն Ղարիբյան, հանրության ակտիվությունը որքանո՞վ կարող է կանխել բռնության դեպքերը, եթե պետությունը, այն է՝ իրավապահ համակարգը պատշաճ չի կատարում իր գործառույթները։

– Իրավական պատասխանատվությունը լինում է պոստ ֆակտում՝ հատկապես սպանության դեպքերով, բայց դա կանխարգելիչ դեր չի ունենում, որովհետև եթե տղամարդը դատապարտվում է ազատազրկման ու շարունակում է պնդել, թե չի զղջում ու ճիշտ է արել, ու դա սոցցանցերում ուղեկցվում է ծափահարություններով ու քաջալերանքի խոսքերով, քրեական պատասխանատվության ենթարկելու կանխարգելիչ դերը նվազում է։

Հանրության նման վարքագիծը բռնարարներին գուցե գաղափար է տալիս, որ կարելի է հարցը նաև այդ ելքով լուծել։

Բռնարարների մեջ գուցե տպավորություն է ստեղծվում, թե հանրությունն իրենցից նման արարք է սպասում, որովհետև չի դատապարտում սպանության դեպքերը, չէ՞ որ մանկուց մեզ դաստիարակում են այնպես, որ տղամարդը պետք է իշխի կնոջը, բայց երբ կինը մերժում է քո պաշտպանությունը, «ապա դու իրավասու ես նրան պատժել», ու այս ակնկալիքներն են, որ տղամարդկանց դարձնում են բռնարար, ու նաև հասարակության անտարբերությունը, որոշ դեպքերում՝ խրախուսելը, երբ նեղ ընտանեկան, բարեկամական շրջանակների կողմից խրախուսվում է այդ ամենը, ու այդ «պատժելը» երբեմն հասնում է մինչև իսկ սպանության։

Այո՛, պետությունը պետք է պատժի, բայց թերանում է, ու քանի դեռ այն լիարժեք չի գործում, գոնե հասարակությունը պետք է զսպող դեր ունենա։

– Իսկ պետության անլիարժեք գործելու պատճառները որո՞նք են, պարո՛ն Ղարիբյան։

– Պետության ներկայացուցիչներն էլ են, չէ՞, այս հասարակությունից, ի վերջո, ամենաշարքային ոստիկանը, թաղային կոչվածը, որը կարող է տեղյակ լինել ընտանեկան բռնությունից, մեզնից մեկն է, նույն կարծրատիպերի կրողը, ու իրենք էլ հաճախ անլուրջ են վերաբերվում այդ դեպքերին։ Մանավանդ փոքր համայնքներում, որտեղ տեղի բնակիչները կապեր ունեն ոստիկանների, քննիչների հետ, դժվար թե վերջիններս գործեր հարուցեն բռնարար տղամարդու նկատմամբ։

Նաև կա այն կարծրատիպը, որ, դե, ընտանեկան գործ է, ես չխառնվեմ։ Իրավապահ մարմինների ոչ լիարժեք աշխատանքի օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ դեպքերում կանայք գնում ու հետ են վերցնում իրենց բողոքը, ու քննիչների համար ինչ-որ իմաստով ժամանակի անտեղի վատնում է լինում, ու այս ամենի հետևանքով նման գործերի նկատմամբ անլուրջ վերաբերմունք է առաջանում, այնքան անլուրջ, որ բանը հասնում է սպանության։

– Այսինքն՝ կարծրատիպերի պատճառո՞վ է, որ իրավապահ համակարգը պատշաճ չի կատարում իր գործառույթները ընտանեկան բռնության դեպքերի մասով։

– Այո՛, ինչպես ասացի, իրենք մեզնից մեկն են ու իրենք էլ ունեն հանրության մեջ տարածված այդ կարծրատիպերից շատերը ու դրանցից ելնելով են հաճախ գործում՝ մոռանալով, որ օրենքն իրենց այլ բան է թելադրում։

Այսինքն՝ մենք շատ ավելի խորքային խնդրի ենք հանգում, որ պիտի մարդկանց կրթությունն ու դաստիարակությունը փոխենք, որպեսզի բռնությունը մերժելի լինի յուրաքանչյուրի համար՝ անկախ պաշտոնից։

– Բռնության դեպքերի մասին հիմնականում տուժողնե՞րն են հայտնում, թե՞ բարեկամները, ծանոթները։

– Հատկապես տուժողը պետք է ոստիկանություն դիմի, որովհետև առանձնապես հակված են ինչ-որ բան անելու, ու եթե տուժողներն ուզում են արդյունքի հասնել, պետք է հենց իրենք դիմեն։ Գիտենք, որ կան դեպքեր, երբ հարևաններն են դիմել ոստիկանություն, բայց տուժող կինը խաբել է ոստիկանությանը՝ ասելով, թե ընկել է, կամ ուրիշ պատճառաբանությամբ թաքցրել է իրականությունը, ու հարևաններն են վատ վիճակում հայտնվել։

Բացի անձամբ դիմելուց, պետք է նաև հետևողականություն դրսևորեն, որովհետև ոստիկանությունը հակված չէ ընտանեկան բռնության դեպքերով պատշաճ գործելու։ Բռնության գործերով չկա մի դեպք, որ հենց առաջին անգամից է տուժողը դիմում, բոլորը դիմում են տարիներ անց, ինչը ևս խնդիր է։

– Պարո՛ն Ղարիբյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ բռնության շարունակականությունը հետևանք է և՛ ուշ դիմելու, և՛ ոստիկանության ոչ պատշաճ աշխատանքի։

– Այո՛, երկու հանգամանքն էլ կա, նաև ասեմ, որ դատարաններն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետև գործերն այնքան են ձգձգում, որ գործը վաղեմության ժամկետի հիմքով ուղղակի կարճվում է, ու բռնարարի նկատմամբ պատասխանատվություն չի լինում։ Պատժի դեպքում էլ այնքան մեղմ է, որ դա չի կարող կանխարգելիչ դեր ունենալ։

– Տուժողներն ավելի շատ դիմում են իրավապահ մարմինների՞ն, թե՞ այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին։

– Երկու միտումն էլ կա. կանայք, որոնք տեղեկացված են այդպիսի ՀԿ-ների մասին, հիմնականում դիմում են նրանց, ապա նրանց օգնությամբ՝ ոստիկանություն։ Բայց իմ փորձը ցույց է տալիս, որ կանայք հիմնականում նախընտրում են ՀԿ-ներին դիմել, որովհետև նրանց հետ ավելի ապահով է, տրամադրվում է նաև փաստաբան։ Արդյունավետ է ՀԿ-ներին դիմելուց հետո գնալ ոստիկանություն։ Բայց սա չի նշանակում, թե ՀԿ-ները կարող են պետության գործառույթն իրենց վրա վերցնել, պետությունը պետք է իր գործառույթը պատշաճորեն իրականացնի։

– Տղամարդիկ դառնո՞ւմ են ընտանեկան բռնության զոհ, կա՞ վիճակագրություն։

– Դառնում են, ու Քննչական կոմիտեն էլ է իրենց տարեկան տվյալների մեջ ներառում տղամարդկանց բռնության դեպքեր, բայց սա ամենաքիչ հաղորդվող դեպքերից է, որովհետև տղամարդկանց մասով էլ կա հանրային ճնշում։ Տղամարդիկ հիմնականում հոգեբանական բռնության են ենթարկվում։

Միևնույն ժամանակ, հայտնի են դառնում դեպքեր, որ երբ կինը երկար տարիներ անց դիմում է ոստիկանություն ու հաղորդում բռնության մասին, պատասխան արարքով հանդես է գալիս նաև տղամարդը՝ որպես ինքնապաշտպանության միջոց ասում են, թե կինն էլ իրեն է ծեծել։

Օրինակ՝ հերթական վեճի ժամանակ կինը կարող է ինքնապաշտպանությունից դրդված, ասենք, ճանկռել ամուսնուն, ինչը ամուսինը ներկայացնում է բռնություն, ինչը կարող է ազդել նաև վիճակագրության վրա, բայց իրականում տղամարդիկ դա անում են հետագայում պաշտպանվելու համար ու դա որպես հաղթաթուղթ օգտագործեն կնոջ դեմ՝ ասելով, դու քո բողոքը հետ վերցրու, ես էլ՝ իմը։

– Ընտանեկան բռնությունները մարզերո՞ւմ են շատ, թե՞ Երևանում։

– Չկա այդպիսի համապետական հարցում, երևի մոտ 7-8 տարի է արդեն։ Այն, որ երևույթը չի սահմանափակվում աշխարհագրական որևէ տարածքով, հստակ է, որովհետև երևույթը մարդկանց մտածողության հետևանք է, իսկ Հայաստանում կարծրատիպերն ամենուր նույնական են։ Քանի դեռ կրթության, դաստիարակության մեջ փոփոխություն չենք մտցրել, այս դեպքերով էլ նվազում չի լինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am