«Ադրբեջանն ուզում է 120 հազար արցախահայության ճակատագիր դարձնել խաղադրույք, պրեսինգի ենթարկել Հայաստանի իշխանությանը». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքների նպատակը ո՞րն է, ու, ըստ ձեզ, ադրբեջանական կողմը կկարողանա՞ հասնել նրան, որ միջանցքի վրա ինչ-որ եղանակով հսկողություն ունենա:

– Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների տեղաշարժի ռեժիմը հաստատված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետերով: Ըստ այդմ՝ միջանցքի վերահսկման գործառույթը վերապահված է միայն ռուսական խաղաղապահ ուժերին: Սա այն գործընթացների ռեզոնանսն է, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստան ու Ադրբեջան հարաբերություններում: Ադրբեջանցիները, հասկանալով, որ հնարավոր չէ ճնշումներ գործադրելով Հայաստանից պոկել Մեղրիի միջանցքը, փորձում են համեմատելի արժեք ներկայացնել նաև Լաչինի միջանցքը, որպեսզի կարողանան իրենց ուզածին հասնել: Բայց իրենց ուզածն այլ է, միջազգային պայմանագիրը՝ այլ, ու այդ եռակողմ պայմանագրում խոսք չկա, որ դրանք հավասարազոր միջանցքներ են, և Հայաստանը պետք է Մեղրիով միջանցք տա, իսկ Ադրբեջանն էլ Լաչինի միջանցքով ապահովի մարդկանց ու բեռների անվտանգ տեղաշարժը:

Սա տիպիկ սադրանք է, փորձում են իրենց ունեցած լծակներն օգտագործել, որպեսզի արցախահայության միջոցով լրացուցիչ ճնշում գործադրեն Հայաստանի իշխանության վրա: Բայց Արցախի իշխանությունն ու ժողովուրդը ինչքան էլ առերեսվել են պարտության դառը հետևանքներին, այդուամենայնիվ, վախեր չունեն, ամուր են, ղարաբաղցու կողն իրեն զգալ է տալիս: Փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով՝ ինչպես ռուս խաղաղապահների հետ աշխատանքով, այնպես էլ միջազգային հանրության ուշադրությունը ներգրավելով ի չիք դարձնել Ադրբեջանի նկրտումները Լաչինի միջանցքի նկատմամբ:

– Կարծում եք՝ կհաջողե՞ք:

– Դե, չփորձելն անտրամաբանական է: Մի տեղ կարող է հաջողվի, մի տեղ՝ ոչ, բայց պայքարը շարունակական է, ու արցախահայությունն ունի ինքնորոշման իր իրավունքը, կյանքի ու ինքնապաշտպանության իրավունքը, որոնք միջազգային ընդունված նորմեր են, և ի վիճակի է իր իրավունքներն առաջ տանելու ու պաշտպանելու:

– Պարո՛ն Հովհաննիսյան, ձեզ ճի՞շտ հասկացա, որ Ադրբեջանն այս սադրանքով նպատակ ունի ինչպես Հայաստան-Արցախ կապը կտրելու, այնպես էլ դրա դիմաց ստանալու «Զանգեզուրի միջա՞նցքը»:

– Ադրբեջանն ուզում է բանակցությունների ֆորմատի մեջ մտցնել այդ կեղծ դրույթը, 120 հազար արցախահայության ճակատագիր դարձնել խաղադրույք, փորձել դրանով պրեսինգի ենթարկել Հայաստանի իշխանությանը ու դրա դիմաց ստանալ Մեղրիի միջանցքը, ինչը կբերի նրան, որ, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանն է ասել՝ «Մեղրին պայթելու է հենց Երևանի կենտրոնում»: Պետք է կարողանալ այս բարդ ժամանակաշրջանում ճիշտ խաղալ, ցուցաբերել տոկունություն և կամք, չվախենալ ու չլքել մեր հողը, որքան էլ պայմանները ծանրանան, որպեսզի Արցախը չարժանանա Նախիջևանի ճակատագրին:

– Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի իշխանությունների արձագանքներն ադրբեջանական սադրանքներին ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանի իշխանական խմբակցությունից կարծիք է հնչում, որ դա ռուս խաղաղապահների իրավասության ոլորտի հարց է, ու պատասխանատուն հենց իրենք են:

– Մամուլում կարդացել եմ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը, որ անթույլատրելի է ադրբեջանական այդ գործողությունը, ծանոթ եմ նաև Արարատ Միրզոյանի մեկնաբանությանը, որը ևս կոպիտ է արտահայտվել ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ: Արցախի իշխանությունների գործողությունները կարող էին շատ ավելի օպերատիվ լինել, բայց, համենայնդեպս, ադեկվատ են:

Իշխանությունը, ինչպես և ժողովուրդը, հասկանում են, թե ինչ է նշանակում միջանցքում տեղակայել ռենտգեն սկանավորող սարքեր: Սա կարող է լինել ադրբեջանական կողմի առաջին քայլը, որին կհաջորդեն երկրորդ, երրորդ քայլերը, հետևաբար վճռական ենք տրամադրված, որ նման բան չլինի:

Խնդրի լրջությունը հասկանում են բոլորը և ունեցած հնարավորություններով՝ մի մասը տեսանելի, մի մասը՝ ոչ, որովհետև անտեսանելի կոմպոնենտով ևս շատ գործ է կատարվում, փորձելու ենք այնպես անել, որ միջանցքի իրավական կարգավիճակում որևէ փոփոխություն չմտցվի:

– Պարո՛ն Հովհաննիսյան, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացից ի՞նչ սպասելիքներ ունեք, և, ձեր գնահատմամբ՝ բանակցություններն ի՞նչ փուլում են:

– Այս փուլը համեմատում եմ հետախուզական փուլի հետ, չեմ կարծում, թե ոճրագործ Ադրբեջանի վարքագիծն ու նպատակները փոխվել են, ու այն գործընթացները, որ տեղի են ունենում տարածաշրջանում՝ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Թուրքիա համագործակցությունը, որին վերջերս միացավ նաև Հունգարիան, թյուրքական աշխարհի ձևավորումն ու կայացումն են, որ մեծ սպառնալիք են հանդիսանալու հատկապես հայության համար, որովհետև եթե այդ երկրների ծրագրերը կյանքի կոչվեն, համեմատելի չեն լինի այդ ուժի ու մեր հնարավորությունները, ինչը կարող է բերել շատ դաժան հետևանքների:

– Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները երկարատև պայքարից հետո վերադարձել են Ազգային ժողով ու, կարծեք թե, իշխանության հետ համատեղ փորձում են առաջ շարժվել: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության այս որոշումը, ու, ինչպես իրենք էին ասում՝ Արցախի փրկության համար պայքարի արդյունքները:

– Պայքարի գնահատականը պետք է տան ժողովուրդն ու առաջին հերթին պայքարի դուրս եկած քաղաքական գործիչները: Այն հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում էին Ֆրանսիայի հրապարակից պայքարի լիդերների կողմից, հասկանալի է, որ նույնիսկ մինիմումից ցածր արդյունք են գրանցել, ու այն գործընթացները, որ հիմա տեսնում ենք Հայաստանի խորհրդարանում, մի կողմից դրվատանքի է արժանի, որովհետև այսպես թե այնպես բոլորս գտնվում ենք պետություն կոչվող նավի մեջ, որը մեծ վնասվածք ունի ու միայն համակարգված և կազմակերպված աշխատանքների միջոցով պետք է կարողանանք այդ վնասվածքը փակել ու պետությունն առաջ տանել:

Պետության առաջ մեծ սպառնալիքներ կան, իսկ այդ պարագայում ճիշտ է, որ ուս ուսի տանք, կարողանանք առաջնային ու երկրորդական խնդիրներն իրարից տարանջատել, չնայած ընդդիմությունն ասում է, որ Հայաստանի իշխանությունը մինչև չգնա, խնդիրը չենք կարող լուծել հայանպաստ ձևով, բայց գործողություններն ու պայքարի որակը ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանություններն այսօր իրենց աթոռներին ամուր են, հետևաբար անհրաժեշտ է փոխադարձ խոսակցության, աշխատանքային մթնոլորտի ձևավորումը հասցնել մի մակարդակի, որպեսզի կարողանանք համընդհանուր ուժերով արտաքին սպառնալիքները չեզոքացնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am