«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իր փաստաբանական թիմը ուսումնասիրում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Միաժամանակ քննարկվում է նաև «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դեմ հայցադիմում ներկայացնելու հարցը՝ հիմնադրամի գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։
Այս մասին Աննա Հակոբյանը հայտարարեց ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից Վարչական դատարան ներկայացված դիմումին։ Վերջինիս հիմքում ընկած են ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացված բարեգործական ծրագրերը։
Հակոբյանի պնդմամբ՝ հիմնադրամի գործունեության և իր անձի ասոցացումը իշխող քաղաքական ուժի հետ խախտել է մի շարք իրավունքներ, որոնք պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով։
Նրա խոսքով՝ մասնավորապես խախտվել է ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածը, որի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեները անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։
Բացի այդ, ըստ Հակոբյանի, խախտվել են նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածի դրույթները, որոնք վերաբերում են ազատ ընտրական իրավունքին, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու համար։



















