Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Հեղինակ MediaLab

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այդ մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:

Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: