«Եթե պատվիրատուն տեղյակ էր, որ փուչիկները լցված են մեթանով, ի՞նչու պետք է միայն պատվեր կատարողը պատժվի». իրավապաշտպան

«Եթե պատվիրատուն տեղյակ էր, որ փուչիկները լցված են մեթանով, ի՞նչու պետք է միայն պատվեր կատարողը պատժվի». իրավապաշտպան
«Եթե պատվիրատուն տեղյակ էր, որ փուչիկները լցված են մեթանով, ի՞նչու պետք է միայն պատվեր կատարողը պատժվի». իրավապաշտպան

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, անխուսափելի էր:
Ըստ նրա՝ անկախ այն բանից պատվիրատուն գիտեր այն մասին, թե փուչիկնեչը լիցքավորված են մեթան գազով, թե ոչ, միեւնույն է լիցքավորողը պետք է պատժվեր:

«Բայց այստեղ խնդիրը այլ է, եթե պատվիրատուն նույնպես տեղյակ է, որ փուչիկները լցված են եղել մեթանով, ապա ի՞նչու պետք է միայն պատվեր կատարողը պատժվի: Եւ մյուս մեղավորներին չպատժելու համար է, որ այսպիսի մեղմ պատժամիջոց է սահմանվել միայն փուչիկները լիցքավորող անձի համար: Այդքան երիտասարդների դժբախտությունից հետո պետք է խիստ պատժվեին եւ պատվիատուն, եւ պատվերը կատարողը»,-«Մեդիալաբին» ասում է Հայաստանում «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ, այրվել եւ պայթել են երիտասարդների ձեռքում գտնվող հազարավոր փուչիկները, որոնք լիցքավորված են եղել, ոչ թե հելիումով այլ մեթանով:

Պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Երեւանի բուժհաստատություններ:

Դեպքի առընչությամբ, մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Այսօր նիստի ընթացքում 54-ամյա Բոզոյանի դատապաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդել է դատարանին պայմանական պատիժ կիրառել, նշելով նաեւ, որ իր պաշտպանյալը հիվանդ է քաղցկեղով: Ըստ դատապաշտպանի՝ այլ մեղմացուցիչ հանգամանքներ եւս կան:

Իսկ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը նշել է, թե մեղավոր է ճանաչում իրեն, նա նաեւ խնդրել է որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկել այն, որ փուչիկները լցնելուց առաջ կազմակերպիչներին տեղյակ է պահել մեթանի վտանգավորության մասին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամները ու կազմակերպիչները, պարբերաբար հայտարարում էին, թե տեղյակ չեն, եղել փուչիկների` մեթանով լիցքավորված լինելու եւ պայթունավտանգ լինելու մասին:

© Medialab.am