Գոյության տարածք. Սրբուհին՝ «Մին թաքուն տեղ» 

Սրբուհի Վանյանն իր ընտանիքի անդամների հետ Ստեփանակերտից Երևան է հասել սեպտեմբերի 25-ին, իսկ Սրբուհու «աշխատանքային գործիքը»՝ մի քանի օր անց։

«Ավտոբուս եկավ, չեմոդանն ու էս պրեսի սարքն էլ, որ մոտ 60 կգ ա, փորձեցինք դնել ավտոբուսի մեջ, ասացին՝ տեղ չկա, մարդկանց պիտի տանենք։ Ստիպված թողեցի բակում։ Մի քանի օր հետո ընկերներիցս մեկը բակում տեսել էր սարքս ու բերել իր հետ Երևան»,- պատմում է Սրբուհին ու ավելացնում, որ ամենածանր ու թանկարժեք սարքը փրկվեց, իսկ տպիչն ու համակարգիչը, գումարը քիչ-քիչ մարելու տարբերակով, արդեն նորը գնել է Երևանում: 

Մի մայրաքաղաքից մյուսը տեղափոխվելուց հետո երկար դադար չի ունեցել, ասում է՝ տեղահանությունից օրեր առաջ էր երկրորդ դրամաշնորհը ստացել: 

«Այլ տարբերակ չունեի, քան շարունակել աշխատել։ Երևանում հնարավորություններն ավելի մեծ են, քաղաքը մեծ է, բայց աշխատաշուկան դեռ անծանոթ է»,- ասում է լրագրող-բիզնես կինը։ 

Սրբուհին, որի ձեռքին միշտ գրիչն էր ու քսան տարուց ավելի աշխատում էր թերթում՝ որպես լրագրող, առաջին անգամ ձեռքը վրձին վերցրել է 2020 թվականի պատերազմից հետո, մի պահ բառը գույնով փոխել։ Ասում է՝ «մեղավորն» աղջիկն է։

«2020 թվականի օգոստոս-սեպտեմբերին աղջիկս նկարում էր պայուսակների վրա, ասացի՝ տուր ես էլ փորձեմ, հիշում եմ՝ փորձում էր գույն ստանալ, լավ չէր ստացվում, ասացի՝ բեր միասին անենք։ Ու էդպես առաջին անգամ սկսեցի նկարել պայուսակի վրա։ Ստացվեց»,- վերհիշելով եղածի ողջ ժամանակագրությունը՝ պատմում է Սրբուհին։

Ու ստացվեց։ Սրբուհու ստեղծած նկարները սկսեցին հայտնվել բարձի երեսների, սփռոցների ու մետաքսե շարֆերի վրա։ Տեքստիլ արտադրություն են սկսել՝ հեղինակային նկարներով ու անհատական դիզայնի մշակմամբ։ Ասում է՝ իր համար կարևոր էր, որ այդ աշխատանքներում երևային արցախյան կոլորիտը, պատկերներն ու բարբառը։ 

2020 թվականի պատերազմից հետո ու մինչև 2023-ի տեղահանությունը՝ հենց այս հատվածում, ծնվեց Սրբուհու MIN TAQUN TEGH բրենդը։ Պատմում է՝ մինչև հարս գնալն էլի ապրում էր Ստեփանակերտում, բայց գնալու օրվանից սկսեց ապրել Ստեփանակերտի թաքնված մի տեղում՝ Կրկժանում, ու հենց հարս գնալու օրվանից էլ իրեն ասում էին՝ «Մին թաքուն տեղի հարս»։

«Իմ ընկերները, երբ գալիս էին, ասում էին՝ էս ո՞ւր ես գնացել, էս ի՞նչ թաքուն տեղ ա։ Հետո այդ մի թաքուն տեղը սկսեց բնորոշել ինձ։ Հենց ասում էին՝ մի թաքուն տեղ, ուրեմն իմ մասին էր խոսքը։ Հետո մեր տանը բազմաթիվ հավաքներ էին լինում, ու բոլորը սովորել էին, որ հենց մեզ մոտ պիտի անցկացնենք նման երեկոներ»,- իր բիզնեսի անվան մասին պատմությունը շարունակում է Սրբուհին։

Իր ամբողջ կյանքում բառերով աշխարհը զգացող Սրբուհու համար գույների ընկալումը նոր էր, ասում է՝ դա էլ, փաստորեն, իր ներսում է մի թաքուն տեղ եղել։

Թաքուն տեղ դրսում, թաքուն տեղ ներսում, ու ծնվեց բրենդը։

Մասնակցել է երկու ծրագրի, շահել երկու դրամաշնորհ, մեկով՝ գնել բիզնեսի համար անհրաժեշտ սարքեր, մյուսով՝ սովորել արտադրության, բրենդի ու վաճառքի նրբությունները։ Հիմա արտադրանքը կարելու ու նկարների դիզայնի մշակման գործը ինքը չի անում, բայց ուզում է դա էլ սովորել, որ հետագայում դրանցից էլ գլուխ հանի։ Որտե՞ղ ու ե՞րբ գլուխ կհանի՝ հարցնում եմ. «Ուր տանի ճամփան, բայց երևի Երևանում, ու այն պահին, երբ ճիշտ ժամանակը գա։ Եթե մի բան ես սկսում, պիտի ամեն ինչից էլ հասկանաս»,- ասում է ու շարունակում բացել արկղերն ու ցույց տալ իր ստեղծած իրերը։

Շրջափակման ժամանակ Սրբուհու ընտանիքը կիսված էր՝ ամուսինն ու աղջիկը՝ Երևանում, ինքն ու մյուս աղջիկը՝ Ստեփանակերտում։ Ասում է՝ բլոկադայի ամեն մի անցնող օր մտածել է՝ երբևէ ընտանիքը նորից միասին կլինի՞ մի բաժակ թեյի սեղանի շուրջ։

Ցանկությունը կատարվել է, հիմա միասին են, բայց թերի. իրենց «մին թաքուն անկյունում» չեն։

«2020 թվականի պատերազմից հետո անդադար նկարել եմ, շատ էի նկարում, իսկ արդեն չորս ամիս կլինի, ինչ այստեղ ենք, ձեռքս վրձին չեմ վերցրել, ոչինչ չեմ նկարել»,- ասում է նա։

Մեր հանդիպման ժամանակ Սրբուհին գնել էր մաքուր, սպիտակ կտավ, նոր նկարակալ ու ներկեր, ասում է՝ ուզում է Երևան տեղափոխվելուց հետո իր առաջին նկարը սկսել։ Դեռ չգիտի՝ ինչ գույներով կլինի, ինչպիսին, որովհետև դեռ լավ չի հասկանում, թե իր ներսում ինչ է կատարվում։ Իսկ ներսը կտավի վրա է։ Խաբել չի ստացվի։ Բայց ուզում է, որ իր նկարը երազանքի պես լինի՝ եթերային, հավատով ու լույսով…

Ասում է՝ գոհ է, հիմա և՛ բիզնեսով է զբաղվում, և՛ լրագրությամբ։ Վաճառքից դժգոհ չէ, պիտի սովորի նաև օնլայն վաճառքը շատացնել։ Այստեղ՝ Երևանում, շատ պահանջված են արցախյան բարբառով սփռոցները։

«Հատկապես 2023 թվականից հետո, երբ արդեն Արցախի բարբառը պահպանելու խնդիր կա ու նաև, որ բանասեր եմ մասնագիտությամբ, դա էլ չի կարող չանդրադառնալ գործի վրա, գրվածքներն ու բարբառը շատ եմ օգտագործում։ Այս պահին աշխատում եմ ասեղնագործության վրա, ապագայում ուզում եմ դա էլ անել ու նաև մարքեթինգի դասերի եմ գրանցվել, սովորում եմ»։

Սրբուհին, ամուսինն ու աղջիկները Արցախում սկսել էին իրենց փոքրիկ հյուրատան կառուցումը, պատերը կային, իսկ ներսն այդպես էլ կիսատ մնաց։ Անունը դնելու էին «Մին թաքուն տեղ»։

«Դա չստացվեց»,- խոր հոգոց է անում ու մի պահ լռում։

Բայց կստացվի մեկ այլ բան՝ վստահ է, երբ սեփական արվեստանոցը, արտադրամասն ու ստեղծագործելու տեղը ունենա՝ անունը էլի «Մին թաքուն տեղ» կդնի, որովհետև ամենանվիրական ցանկությունները մի թաքուն տեղից միշտ մի թաքուն տեղ են տանում։ 

Անի Մինասյան

MediaLab.am