«Ես չեմ համաձայնեցրել, տնօրենն է զանգել, պայմանավորվել է և ստացել է «դաբրոն»». Նիկոլայ Ծատուրյան

Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրիի Վարդան  Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հրաժարականի դիմում է գրել: Ծատուրյանը վերջին շրջանում աչքի էր ընկել ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություններով: Նա քննադատել էր իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշումը, իսկ կաթողիկոսին անվանել էր «սատանա»: 

Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Նիկոլայ Ծատուրյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հարաբերությունները լարված են: Հասմիկ Պողոսյանը նախարարություն էր հրավիրել Ծատուրյանին, սակայն չէր ընդունել նրան:
«Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Նիկոլայ Ծատուրյանին՝ փորձելով պարզել, թե որն է նրա հրաժարականի պատճառը:

-Պարոն Ծատուրյան, ինչո՞ւ նման քայլի դիմեցիք:

-Նախ դա հրաժարական չէ, չգիտես ինչու՝ բոլորն ասում են՝ հրաժարական է: Դա արտառոց երևույթ է, Հայաստանում նման բան չեն անում, որ մարդ հրաժարվի իր պաշտոնից: Ես իմ պաշտոնը փոխանցել եմ մեր երիտասարդ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին, որի հետ ես աշխատում եմ արդեն 4 տարի: Նրա հետ աշխատելով՝ պատրաստում էին գլխավոր ռեժիսոր: Եվ ահա եկավ պահը, երբ տեսա, որ նա արդեն հասունացել է, որ նա ունի շատ լավ ղեկավարելու ձիրք, ստեղծագործական լավ պոտենցիալ, լավ ներկայացումների է անում, նրա ներկայացումնեից մեկն արժանացավ մրցանակի, Հայաստանի թատերագետները շատ լավ են խոսում նրա ներկայացումների մասին, շատ շնորհքով երիտասարդ է: Ես արդեն 69 տարեկան եմ, միշտ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ մտահոգված եմ վաղվա օրվա համար: Ինձ միշտ հետաքրքրում է երիտասարդների առաջընթացը: Եվ ահա եկավ պատեհ առիթ, տնօրենի հետ զրուցեցի և որոշեցի Լյուդվիգ Հարությունյանին հանձնել գեղարվեստական ղեկավարի պարտականությունները: Հանձնեցի ոչ թե քարուքանդ վիճակում, հիանալի մի թատրոն ունենք, որն այսօր շատ լավ վիճակում է: Եվ նրա գործն այսօր դրանով ավելի է հեշտանում: Ինչ վերաբերում է ինձ, ես մնում եմ գեղարվեստական խորհրդական:

-Պարոն Ծատուրյան, դուք վերջին շրջանի ձեր հարցազրույցներում քննարդատությունների էինք ենթարկում իշխանություններին:  Ձեր քննադատությունները որևէ կերպ առնչվո՞ւմ են ձեր կայացրած որոշմանը:

-Դա ոչ մի կապ չունի այսօրվա իմ դիմումի հետ, մանավանդ որ դա արդեն մոտավորապես տասը ամիս առաջ էր: Ինչպես տեսնում էիք, ես մինչև հիմա էլ թատրոնում աշխատում եմ: Ասեմ, որ մեր մշակույթի նախարարը, երբ եկել էր Գյումրի և նրան հարց էին տվել՝ պարոն Ծատուրյանն աշխատելո՞ւ է, նա պատասխանել էր. «Պարոն Ծատուրյանը կաշխատի այնքան, որքան որ ուզում է»: Նույնիսկ նրա այդ վիդեոն կա: Այնպես որ ոչ մի կապ չունի դա: Ընդհակառակը ասեմ, որ երբ տնօրենը իմ որոշումը համաձայնեցրել էր նախարարության հետ, նախարարությունը և տիկին Պողոսյանը սիրով համաձայնեցին, որ Լյուդվիգ Հարությունյանը դառնա գլխավոր ռեժիսոր և ես լինեմ գեղարվեստական խորհրդատու:

-Նախքան ձեր որոշումը դուք խոսե՞լ եք մշակույթի նախարարի հետ:

-Ես չեմ համաձայնեցրել, տնօրենն է զանգել, պայմանավորվել է և ստացել է «դաբրոն»:

-Ձեր կարծիքով՝ Գյումրիի թատրոնն ի՞նչ ապագա ունի:

-Բա ես ինչո՞ւ եմ այսօր մնում գեղարվեստական խորհդական: Մնում եմ, որ էլի այստեղ լինեմ, էլի օգնեմ Լյուդվիգին՝ այդ երիտասարդին, որը 33 տարեկան է, որպեսզի նա շարունակի այս գործը: Եվ երբ որ նա արդեն շատ կհմտանա, ես այդ ամենը լրիվ կհանձնեմ իրեն և ինքս կհեռանամ այն թատրոնից, որը շատ սիրում եմ:

-Դուք Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը շարունակո՞ւմ եք քննադատաբար վերաբերվել, թե՞ այնուամեայնիվ վերանայել եք ձեր դիրքորոշումը:

-Մենակ ես եմ քննադատո՞ւմ, շատերն են քննադատում: Բայց, կրկնում եմ, դա ոչ մի կապ չունի իմ այսօրվա, այսպես ասած, փոխանցելու փաստի հետ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am