««Մաշեցնող պատերազմով» Ադրբեջանն ուզում է մարդաթափ անել Արցախը և նպաստել Հայաստանից արտագաղթին». Արա Պապյան

««Մաշեցնող պատերազմով» Ադրբեջանն ուզում է մարդաթափ անել Արցախը և նպաստել Հայաստանից արտագաղթին». Արա Պապյան
««Մաշեցնող պատերազմով» Ադրբեջանն ուզում է մարդաթափ անել Արցախը և նպաստել Հայաստանից արտագաղթին». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարո´ն Պապյան, Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դա բիզնես որակեց: Նրա խոսքով՝ ռուսական զենքն ուղղված չէ հայերի դեմ: Այսինքն՝ Արցախից արդարացնո՞ւմ են Ռուսաստանի այդ քայլը:

– Նախ` զենքի առևտուրը երբևէ չի հանդիսացել զուտ բիզնես: Դա ավելի քիչ բիզնես է, քան քաղաքականությունը: Թող Դավիթ Բաբայանը փորձի բիզնեսի անվան տակ Ուկրաինային զենք վաճառել և կտեսնի, թե ռուսներն ի´նչ ռեակցիա կունենան, դա կգնահատեն որպես բիզնե՞ս, թե՞ ոչ: Իսկ այն, որ այդ զենքն ուղղված չէ հայերի դեմ, հարց է առաջանում՝ այդ ինչի՞ց իմացան: Եթե վաճառվեին նավեր, միգուցե կարելի էր ենթադրել, որ հայերի դեմ ուղղված չէ, բայց վաճառվում են «Սոլնցեպյոկ» և նմանօրինակ համակարգեր, որոնք լավ էլ ուղղված են մեր դեմ: Մարդիկ բացահայտ դա ասում են, որ սա հայերի դեմ է, հայերին կխեղճացնենք, կոչնչացնենք: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն ասաց, որ նախորդ տարվա իրենց հաջողությունները պայմանավորված էին ռուսական զենքով: Այնպես որ, անհասկանալի է, թե մերոնք ինչո´ւ են կպած պաշտպանում ռուսներին, երբ Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, ակնհայտորեն խախտում է իր մի շարք պարտավորություններ: Դրա մասին պետք է շեշտեն մերոնք:

– Հետևաբար այս պայմաններում ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը:

– Անկախ նրանից, թե քանի անգամ Ռուսաստանը զենք կվաճառի Ադրբեջանին, ամեն անգամ Հայաստանի Հանրապետությունը պետք է կանչի մեր երկրում ՌԴ դեսպանին և պաշտոնական բողոքի նոտա հղի: Պետք է անել այնպես, ինչպես Ռուսաստանն է տարբեր առիթներով անում, եթե անգամ բողոքի նոտա չի հղում, ապա հայտարարում է, որ դա անհարիր է, դաշնակցային չէ և այլն: Այսինքն՝ անպայման պետք է ՀՀ կողմից հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտվի իր դաշնակցի նկատմամբ: Պետք է ընդգծվի, որ զենքի վաճառքը թշնամուն անհամատեղելի է դաշնակցային հարաբերությունների հետ: Լեռնային Ղարաբաղն իր հերթին ավելի կոշտ հայտարարություններ պետք է անի, այդ թվում՝ նշելով, որ դա և´ հումանիտար իրավունքի խախտում է, և´ միջնորդի գործառույթներին հակասող քայլ է, քանի որ Ռուսաստանը, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է:

– Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեր բանակի հագեցվածությունը բավարար է: Նա այս հայտարարությունն անում է ապրիլյան պատերազմից մոտ մեկ տարի անց: Այնինչ այն ժամանակ ասել էր, թե 80-ականների զենքով են կռվել մեր զինվորները: Ի՞նչ է փոխվել այս մեկ տարում:

– Մինչև նախորդ տարվա ապրիլյան դեպքերը ևս հայտարարվում էր, թե մեր բանակի հագեցվածությունը բավարար է: Դեռ ավելին, ասում էին՝ տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է մեր բանակը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց այն հսկայական բացերը, որոնք գոյություն ունեին բանակում, հատկապես կապի, տրանսպորտի ոլորտներում: Այնպես որ, մենք հիմքեր ունենք չհավատալու նման հայտարարություններին: Երկրորդ` Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը Ռուսաստանից ստացել է պայմանագրով իրեն հասանելիք զենքի 90 տոկոսը: Մենք, ըստ մամուլի տվյալների, Ռուսաստանից ստացել ենք 200 մլն դոլարի պայմանագրով նախատեսված սպառազինության 18 տոկոսը: Դա շատ քիչ է: Հիմա հարց է ծագում. այդ ո՞նց եղավ, որ 18 տոկոսով մենք կարողացանք հակակշռել նրանց 90 տոկոսին: Հետևաբար, աչքս տեսնի, որ հավատամ, իսկ հայտարարություններն էական չեն:

– Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ կարծես հեռակա բանավեճ է սկսվել սպառազինության մրցավազքի հետ կապված: Ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե իրենք «Իսկանդերի» դեմ հակամիջոց ունեն, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նրանք չեն էլ պատկերացնում, թե ի´նչ է «Իսկանդերը»: Սա ի՞նչ բանավեճ է:

Այն, որ երկու կողմերն էլ չափազանցում են իրավիճակը, փաստ է: Ադրբեջանը չափազանցում է, որ ինքը հակահրթիռային այնպիսի պաշտպանություն ունի, որ կարող է «Իսկանդերը» օդի մեջ խփել, ինչը գրեթե անհնար է: Գոնե այսօր հայտնի համակարգերը նման հնարավորություն չունեն: Իսկ Սերժ Սարգսյանն էլ «Իսկանդերի» դերը չափազանցում է այն առումով, որ դա այն զենքը չէ, որ ամեն անգամ օգտագործես: Այսինքն՝ դա «վերջին փամփուշտ» հասկացությունն է, երբ այլևս տեսնում ես, որ այլ միջոցներ չունես և դա ես օգտագործում: Ինձ թվում է, որ Ադրբեջանը երբևէ չի գնա այնպիսի լայնածավալ գործողությունների, որ մեզ այլ ելք չթողնի, քան «Իսկանդեր» օգտագործելը: Ադրբեջանն իր համար բավական արդյունավետ օգտագործում է «մաշեցնող պատերազմի» քաղաքականությունը, այդպես էլ կշարունակի: Այսինքն՝ փոքր եռօրյա, քառօրյա պատերազմներով, մի քանի դիրքերի շուրջ պատերազմներով այս քաղաքականությունը կշարունակի: Մեծ ռազմաճակատային պատերազմի չի գնա, որովհետև դրա իմաստը չի տեսնում, շատ զոհեր կտա: Այս միջոցով Ադրբեջանն ուզում է պարզապես մարդաթափ անել Արցախը, նաև նպաստել Հայաստանից արտագաղթին:

– Այսինքն՝ այս իրավիճակը դեռ երկա՞ր կշարունակվի:

– Կարծում եմ՝ այո´, այս քաղաքականությունը դեռ կշարունակվի:

– Վերջին օրերին Սերժ Սարգսյանը զինվորական համազգեստով հարցազրույցներ է տալիս և հանդիպումներ է ունենում. սա ի՞նչ ուղերձ է պարունակում իր մեջ: Հնարավո՞ր է ռազմական գործողությունների մասին ակնարկ է, թե՞ գերագույն գլխավոր հրամանատարի դեպքում նորմալ է նման համազգեստ կրելը:

– Գերագույն գլխավոր հրամանատարը զինվորական չէ, հետևաբար պարտադիր չէ, որ համազգեստով հանդես գա: Չգիտեմ` ինչո՞ւ է դա արվում, ես այդ ամենին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Արևմտյան տեսանկյունից երբ նայում ենք, քաղաքակիրթ երկրներում ընդհանրապես լավ չի դիտարկվում միլիտարիզացիան: Ի վերջո, նա նախագահ է, և զինվորական համազգեստով հանդես գալն ամենևին լավ չի դիտարկվում: Եթե մինչև անգամ դիրքեր գնալիս դա պետք էր հագնել, բայց հարցազրույց տալիս դրա կարիքը չկար: Դա պետք է ապահովվի այն առումով, որ ճիշտ ընկալվի քաղաքակիրթ երկրների կողմից: Ինքն ուզում է դրանով ցույց տալ, թե բանակով զբաղվում է: Մենք միակ երկիրը չենք, որ պատերազմի մեջ ենք: Մենք անընդհատ համեմատվում ենք Իսրայելի հետ, բայց մի հատ նայեք, թե Իսրայելի վարչապետը վերջին անգամ ե´րբ է զինվորական համազգեստ հագել: Նա էլ է գերագույն գլխավոր հրամանատար, բայց չեն հագնում, քանի որ դա իրենց առաջնային գործառույթը չէ: Առաջին հերթին նրանք մնում են որպես պետության գլուխ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am