«Ռուսաստանը տեսել է վտանգ ներղազախական բռնկման մեջ, այդ պատճառով էլ բավական կտրուկ ու արագ արձագանքեց իրավիճակին ՀԱՊԿ մեխանիզմով». Հակոբ Բադալյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ձեր տպավորությամբ՝ Ղազախստանում կատարվող իրադարձությունների իրական հիմքն իսկապե՞ս սցիալական բունտն էր, թե՞ հիմքում գլոբալ խնդիրներ ու աշխարհաքաղաքական այլ շահեր կան։

– Գնահատականները, իհարկե, տարբեր են, հատկապես այն մարդկանց շրջանակներում, որոնք շատ ավելի մոտից են ծանոթ Ղազախստանի ներքին իրադրությանն ու դասավորությանը, և, ըստ այդ գնահատականների, այնտեղ տեղի ունեցողն ավելի շատ ներկլանային պայքար է Ղազախստանի հետագա զարգացման տարբեր վեկտորներ պատկերացնող ուժերի միջև։ Այս իմաստով անկասկած է իհարկե, որ կա մի հիմք, որը բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին, գուցե բացառությամբ Մերձբալթյան երկրների, դա ամբողջատիրական համակարգն է, որը հանրային ու պետական ռեսուրսի հարստահարման, մսխման տրամաբանությամբ է գործել ու այդ իմաստով հասարակական մեծ դժգոհության տեղիք է տվել, ինչն էլ հիմք է դառնում մեծ քաղաքական այլ խաղեր կառուցելու համար։

Հստակ չեմ կարող ասել՝ կա՞ այստեղ աշխարհաքաղաքական միջամտություն ծագումնաբանական տեսանկյունից, բայց այն, որ տեղի ունեցողը կամ դրա որևէ արդյունք կամ հետևանք ունենալու է աշխարհաքաղաքական նշանակություն, իհարկե անկասկած է։ Տեսնում ենք արդեն տարբեր խաղացողների հետաքրքրությունը, Ռուսաստանի անմիջական ու շատ արագ արձագանքը ՀԱՊԿ ձևաչափով, և այդ հանգամանքներն անշուշտ վկայում են, որ Ղազախստանում հետագա ստատուս քվոն որ կձևավորվի, ինչպիսին էլ այն լինի, անշուշտ ունենալու է թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն և ազդեցություն։

– Կոնկրետ մեր տարածաշրջանի ու Հայաստանի համար այս դեպքերն ի՞նչ ազդեցություն են ունենալու։

– Ուղիղ արդյունք կամ հետևանք բավական դժվար է պատկերացնել, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Ղազախստանի դեպքերին բավական տագնապով հետևում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, որովհետև երկու տեղում էլ մոտավորապես նույն համակարգերն են, ինչպիսին Ղազախստանում է։ Ու տեսնելով բավական կայուն թվացող երկրում այսպես հանկարծակի բռնկում ու ապակայունացում, անշուշտ, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում կհետևեն բավական տագնապով՝ առավելևս, որ երկու տեղում էլ իշխանության ու հասարակության միջև կան լրջագույն խնդիրներ։

Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա այստեղ եղած խնդիրները Ալիևը փորձում է հարթել, այսպես ասած, հաղթանակի էյֆորիայով, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ դա երկարաժամկետ օգտագործման միջոց չէ, ու գալու է ժամանակ, երբ հասարակությունը շատ սուր հարցեր է ունենալու նաև իրեն։

Սա մեկ հնարավոր շերտն է, հաջորդը, անկասկած, այն է, թե ինչպիսին կլինի Ղազախստանում իրավիճակը Ռուսաստանի համար, որովհետև եթե Ռուսաստանն այնտեղ ունենա լուրջ խնդիրներ, ապա դա կարող է նշանակել Ռուսաստանի որոշակի թուլացում կամ այդպիսի ռիսկ Կովկասում՝ իրավիճակի առումով, իսկ դրանից անշուշտ փորձելու են օգտվել բոլոր այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ ունեն սակարկության թեմաներ և, այսպես ասած, կորզելու որևէ ակնկալիք: Բնականաբար, անմիջապես փորձելու են լրացուցիչ նոր խնդիրներ առաջադրել Ռուսաստանին, ու Կովկասը կարող է լինել այդ խնդիրներից մեկը։

Միևնույն ժամանակ, մենք պետք է Ղազախստանում կատարվողը դիտարկենք ոչ միայն կովկասյան շրջանակով, այլև չմոռանանք, որ դա մեծ հաշվով եվրասիական անվտանգային մեծ միջավայր է, որի մաս ենք նաև մենք, ու հնարավոր ազդեցությունները կարող են չափվել նաև այս մեծ միջավայրի իմաստով։

Անկասկած է, որ Ղազախստանում փոխվում է ստատուս քվո՝ մենք չգիտենք, թե ինչ տրամաբանությամբ կփոխվի․ այնտեղ կլինի ռուս-ամերիկյա՞ն համաձայնություն, թե՞ ռուս-չինական, թե՞ ռուս-թուրքական որևէ նոր տակտիկական համաձայնություն:

Հատկանշական է միայն այն, որ տեսնում ենք Ռուսաստանի շատ արագ արձագանք, ինչը հիմք է տալիս խոսելու, որ ռուսները տեսել են բավական մեծ վտանգ տեղի ունեցողի մեջ: Համենայնդեպս, ըստ Ղազախստանի դեպքերին ավելի ծանոթ մարդկանց գնահատականների՝ այնտեղ պայքար է ղազախական էլիտայի թյուրքական, իսլամամետ խմբերի ու կլանների միջև, նրանց իշխանության գալու փորձն է, որը փորձում է փաստորեն կասեցնել Ռուսաստանը իր համար հասկանալի պատճառներով, ու այստեղ ուշագրավ է, որ այս իրադարձությունները գրեթե զուգորդվում են Ժնևում սպասվող ԱՄՆ-Ռուսաստան սպասվող բանակցությանը, որտեղ չափազանց լուրջ խնդիրներ են ըստ ամենայնի քննարկվելու։

– Պարո՛ն Բադալյան, որոշ փորձագետների համոզմամբ՝ Ղազախստանում տեղի ունեցողի մեջ, այսպես ասած, Ռուսաստանի մատն է խառը։ Համակարծի՞ք եք։

– Անկեղծ ասած, չեմ տեսնում Ղազախստանում իրավիճակն ապակայունացնելու շահագրգռվածություն Ռուսաստանում, հատկապես երբ տեսնում ենք, թե Ուկրաինայի շուրջ ինչպիսի լարված աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, և պատրաստվում է ռուս-ամերիկյան մեծ բանակցությունը: Բայց, իհարկե, ոչինչ չենք կարող բացառել, եթե չունենք ստույգ տեղեկատվություն, այդ թվում չենք կարող բացառել նաև այն, որ Ռուսաստանը կարող էր արագացնել այնտեղ զարգացումներ՝ ակնկալելով, որ հակառակ պարագայում դրանք կարող էին օգտագործվել իր դեմ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում։

Եվ ինչպես առերևույթ փաստերով տեսնում ենք, կարող ենք գործ ունենալ ընդամենը հետևյալի հետ, որ Ռուսաստանը վտանգ է տեսել ներղազախական բռնկման մեջ՝ ի դեմս այն ուժերի, որոնք կազմակերպեցին ընդհուպ զինված դիմադրություն գործող իշխանության դեմ, որոնք իրենց հայացքներով իսլամամետ, թյուրքամետ վեկտորի կողմնակիցներ են ու դրա շրջանակներում են տեսնում իրենց անվտանգությունն ու Ղազախստանում իշխանության գալու հնարավորությունը։ Այս իսկ պատճառով էլ Ռուսաստանը բավական կտրուկ ու արագ արձագանքեց իրավիճակին։

– Հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ը ղեկավարող երկիր, որևէ ազդեցություն ունենալո՞ւ է Հայաստան-Թուրքիա սպասվող բանակցությունների վրա։

– Հայ-թուրքական գործընթացը պայմանավորված է լինելու մի շարք միջավայրային գործոններով, բայց առանցքայինը լինելու է այն մթնոլորտը, որ կլինի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունում, ու այս իմաստով հատկանշական է, որ հայ-թուրքական առաջին հանդիպումը նշանակվել է հունվարի 14-ին, որը գրեթե անմիջապես հաջորդում է Եվրոպայում նախատեսված այդ ԱՄՆ-Ռուսաստան բազմաձևաչափ բանակցային փուլին: Գիտենք, որ հունվարի 10-ին հանդիպելու են փոխարտգործնախարարները, 12-ին նշանակված է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ՝շատ երկար դադարից ու բավական լարված հարաբերություններից հետո, ու նաև ԵԱՀԿ շրջանակում է սպասվում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություն։

Շատ ուշագրավ էր օրեր առաջ տեղի ունեցած Բլինքեն-Չավուշօղլու զրույցը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիայի հատուկ բանագնացի նշանակման հարցը, իսկ նա, ինչպես գիտենք, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանն է։

– Պարո՛ն Բադալյան, եթե Ռուսաստանին հաջողվի Ղազախստանում դերակատարությունն իր ձեռքը վերցնել, կոնկրետ Հայաստանի համար դա որքանո՞վ ձեռնտու կլինի։

– Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում դա Հայաստանի համար կլինի օպտիմալ զարգացում, որովհետև հակառակ դեպքում, իմ գնահատմամբ՝ այնտեղ Թուրքիայի ազդեցության ուժգնացման բավական մեծ ռիսկ է լինելու, և դա մեծ հաշվով շատ արագ կբերի կենտրոնասիական տարածաշրջանում թուրքական մեծ ազդեցության, ինչն էլ լրացուցիչ ամրապնդելու է Թուրքիայի դիրքը, որը շահեկան չէ նաև հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ աշխատանքների իմաստով։

Այս փուլում Հայաստանի համար այնքան էլ ցանկալի չէ Թուրքիայի աշխարհաքաղաքական ուժեղացումը, որովհետև դա բերելու է Հայաստանի հանդեպ Անկարայի պահանջների կոշտացման։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am