CNN․ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է փոխանցել հարստացված ուրանի ամբողջ պաշարը

Միացյալ Նահանգները չի համաձայնի Իրանի հետ վերջնական գործարքի, եթե չստանա Թեհրանի հարստացված ուրանի ամբողջ պաշարը։ Այդ մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պնդելու է, որ վերջնական համաձայնագիրը ներառի Իրանի հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցումը ԱՄՆ-ին։

Պաշտոնյան նաև նշել է, որ եթե Իրանը հրաժարվի դա անել, ԱՄՆ-ն «ունի հակազդելու բազմաթիվ տարբերակներ», այդ թվում՝ ռազմական, դիվանագիտական և տնտեսական լծակների կիրառումը։

Միաժամանակ CNN-ը, վկայակոչելով արբանյակային պատկերները, հայտնում է, որ իրանցի մասնագետները, հնարավոր է, աշխատանքներ են իրականացնում ԱՄՆ հարվածներից վնասված միջուկային օբյեկտների վերականգնման ուղղությամբ։

Մասնավորապես, Պարչինի ռազմական համալիրում հունիսին և հուլիսին, ըստ հեռուստաալիքի, փորձեր են արվել վերանորոգել պաշտպանական կառույցները, որոնք վնասվել էին ամերիկյան բետոնահար ռումբերի հարվածներից։

CNN-ի փոխանցմամբ՝ այս ամռան սկզբին ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանը պարտավորվել էր Վաշինգտոնի հետ հետագա բանակցությունների ընթացքում ձեռնպահ մնալ իր միջուկային ծրագրին առնչվող օբյեկտներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց։