ՊՇՌ թեստերի գների ոդիսականը․ FIP.am

Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում ՊՇՌ թեստի գների կտրուկ անկումը. դրանց գները 15-20 հազար դրամից դարձել են 8-10 հազար դրամ։

Նշենք, որ առողջապահության նախարարի հրամանով այս տարվա հոկտեմբերի 1-ից, որոշակի բացառություններով, բոլոր աշխատողները պարտավորվում են գործատուին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի արդյունք՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ։ 

Սեպտեմբերի 28-ին Առողջապահության նախարարության, իսկ սեպտեմբերի 30-ին՝ կառավարության առջև հավաքված ցուցարարները պահանջում էին իշխանություններից պատասխանել, թե ինչո՞ւ էր մինչ այս ՊՇՌ թեստի գինը բարձր։

Ցուցարարներից մեկի խոսքով՝ ՊՇՌ թեստերի գների շնորհիվ կառավարությունը մեկ տարում 37 մլն դոլարի շահույթ է ունեցել:  

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ, անդրադառնալով ՊՇՌ թեստերի գների անկմանը, Առողջապահության նախարարությանը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) մեղադրել էր անգործության մեջ․ «Ստացվում է, որ երկու տարի շարունակ մարդկանց թալանել են գերթանկ թեստերով, ընկերությունները թեստերի շուկան դարձրել են գերշահույթ ստանալու միջոց, իսկ Առողջապահության նախարարությունը […] ՉԿԱ, տեղում չի»,- գրել էր Վարդանյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել խնդիրը և տեսնել, թե որքանո՞վ են արդարացի պնդումները՝ կառավարության կողմից ՊՇՌ թեստերի շնորհիվ գերշահույթ ստանալու վերաբերյալ։ Մենք փորձել ենք պարզել նաև, թե ի՞նչն է գների նվազման պատճառը և որքան է կազմում նույն ծառայությունը մի քանի այլ երկրում։

Կառավարությո՞ւնը, թե՞ մասնավորը

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ՊՇՌ թեստերի բարձր գների շնորհիվ կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարների շահույթ է ստացել, ապա դա հեռու է իրականություն լինելուց, քանի որ ՊՇՌ թեստավորման ծառայություններ մատուցում են հիմնականում մասնավոր բուժհաստատությունները։

Նման ծառայություններ ունեն նաև պոլիկլինիկաները, սակայն վերջիններիս դեպքում, եթե քաղաքացին ունի կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանիշներ, ՊՇՌ թեստավորումն անվճար է, հետևաբար՝ պետությունը չի կարող դրա միջոցով որևէ շահույթ ստանալ։

Պետական մարմինները պարզաբանում են 

Առողջապահության նախարարությունը, թեստերի միջոցով գերշահույթ ստացող ընկերությունների մասին հարցերին ի պատասխան, հայտնել էր, որ վերահսկողությունը և ընկերությունների կողմից գերշահույթ ստանալու վերաբերյալ ուսումնասիրությունները նախարարության լիազորության շրջանակում չեն։

ՏՄՊՊՀ-ից, «Փաստերի ստուգման հարթակի» հարցին ի պատասխան, հայտնեցին, որ տվյալ ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավելի սուբյեկտներ և գերիշխող դիրք ունեցողներ չկան, հետևաբար՝ թեման դուրս է ՏՄՊՊՀ վերահսկողությունից։ 

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ թեստավորման գները տատանվում են 8000-15,000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20,000 դրամ։ 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գին սահմանելու լիազորություն չունի, իսկ դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների մեջ գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ չկան»,- ասվում է ՏՄՊՊՀ պատասխան նամակում։ 

Մեկնաբանություն լաբորատորիաներից

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց նաև ՊՇՌ թեստավորման ծառայություններ մատուցող մի շարք լաբորատորիաների հետ՝ հասկանալու, թե որքա՞ն են նվազել ծառայության գները և ո՞րն է գների անկման պատճառը։

«Վարդանանց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենք ՊՇՌ թեստավորման ծառայություններ սկսել են մատուցել այս տարվա հուլիսի 1-ից։ Ծառայության սկզբնական գինը սահմանված է եղել 15,000 դրամ, իսկ հուլիսի 15-ից՝ 9500 դրամ։ ԲԿ-ից հայտնեցին, որ Հայաստանում իրենք առաջինն են սահմանել նման ցածր գին։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման ցածր գինը, «Վարդանանց» ԲԿ-ից պատասխանեցին, որ ամենայն հավանականությամբ՝ դա պայմանավորված է շուկայում մեծ մրցակցությամբ։ Առավել մանրամասն դժվարացան պատասխանել։

«Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնից էլ FIP.am-ին հայտնեցին, որ թեստերի գինը նվազեցնել որոշել են՝ պայմանավորված հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող որոշմամբ։ Թեստերի գինը 18,000-ից դարձել է 7000 դրամ։ Թե ինչո՞ւ էր մինչ այդ ծառայության գինը 18,000, եթե հնարավոր էր նույն ծառայությունը մատուցել ավելի էժան՝ պատասխանեցին, որ գնային քաղաքականության վերաբերյալ հարցերին պատասխանել չեն կարող։

Cito բժշկական կենտրոնում թեստերի գինը սեպտեմբերի 30-ից լինելու է 8000 դրամ՝ նախկին 15,000 դրամի փոխարեն։ Այստեղ ևս պատասխանեցին, որ գնանկումը պայմանավորված է հոկտեմբերի 1-ից կիրառվող հակահամաճարակային պահանջների խստացման և թեստավորվողների սպասվելիք մեծ հոսքի հետ։ Իսկ թե ինչո՞ւ էր նախկինում ծառայությունը մատուցվում թանկ գնով, եթե դա հնարավոր էր անել ավելի էժան, Cito բժշկական կենտրոնում ևս չպատասխանեցին՝ պատճառաբանելով, որ սակագների սահմանման հարցը բուժկենտրոնի տնօրինության լիազորությունների շրջանակներում է, իսկ վերջիններս հրաժարվում են մեկնաբանություն տալ։

PromTest բժշկական լաբորատորիաներում ՊՇՌ թեստերի գները՝ անհատական թեստավորման դեպքում, չեն փոխվել՝ 15,000 դրամ։ Կորպորատիվ փաթեթների դեպքում առաջարկում են զեղչեր, մասնավորապես՝ 10-50 հոգանոց խմբերի դեպքում ՊՇՌ հետազոտության արժեքը կազմում է 12,000 դրամ, 50-ից ավել խմբերի դեպքում՝ 10,000 դրամ։ 

Մի քանի այլ բժշկական կենտրոնների հետ ևս «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց կապ հաստատել, սակայն չհաջողվեց։ 

Թեստերի գներն այլ երկրներում

Թե որքա՞ն է կազմում ՊՇՌ թեստի ինքնարժեքը՝ դժվար է ասել, սակայն հարևան Վրաստանում այս ծառայության արժեքը կազմում է մոտ 15,000 դրամ (100 լարի), Ադրբեջանում՝ 30 հազար (100 մանաթ), Ռուսաստանում՝ մոտ 15,000 դրամ (1900-2500 ռուբլի): Եվրոպական երկրներում այս շռայլության արժեքը շատ ավելի թանկ է, մասնավորապես՝ Ֆրանսիայում՝ 28,000 (50 եվրո), Գերմանիայում՝ մոտ 80,000 դրամ (128-150 եվրո), Բելգիայում՝ մոտ 70,000 (120 եվրո), Ավստրիայում՝ 40,000 (69 եվրո)։

Այսպիսով փաստենք, որ ՊՇՌ հետազոտությունների ծառայություններ մատուցող բժշկական լաբորատորիաներն ամիսներ շարունակ ՊՇՌ թեստավորման ծառայություններ մատուցել են բավական բարձր գներով, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի զբաղվում այն շուկաներով, որտեղ կան 10-ից ավելի մասնակիցներ և որոնց մեջ չկա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ։

Փաստերի ստուգման հարթակ