«Հայկական կողմը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա» .Վարդան Օսկանյան

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը մտահոգիչ է համարել հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերը: Facebook սոցիալական ցանցի իր էջում Օսկանյանը գրել է, որ «առավել մտահոգիչ է, որ դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանում է Ղարաբաղյան հարցի միջնորդ երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»:
«Առհասարակ, 1994 թվականից զինադադարի պահպանմանը նպաստել է երկու բան՝
ա) բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը,
բ) շփման գծի երկու կողմերում ռազմական հավասարակշռությունը:
Միշտ էլ սահմանային միջադեպերն առավել հաճախակի են եղել հատկապես այն ժամանակահատվածներում, երբ կա՛մ խնդրի բանակցային կարգավորման հեռանկարն է խարխլվել, կա՛մ, երբ շփման գծի որոշ հատվածներում հակառակորդին թվացել է, թե առավելություն ունի»,- գրել է Օսկանյանը:
ԱԳ նախկին նախարարի խոսքով, այսօր հիմնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը մի կողմից իր առաջ քաշած անիրատեսական մաքսիմալիստական պահանջներով կորցնում է հարցի խաղաղ կարգավորման հեռանկարի նկատմամբ հավատը, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում սկսում է հավատալ իր ռազմական առավելությանը:

«Ահավասիկ, այս երկուսի համադրման մեջ է վտանգը: Հայկական կողմը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա, որպեսզի Ադրբեջանը պատրանքներին չտրվի»,- գրել է Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին,  Ադրբեջանական կողմի դեիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմը 3 զոհ եւ 6 վիրավոր էր տվել, որին հետեւել էր եւս մեկ ռազմական գործողություն: Այս անգամ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներին զոհվել էր 5 ադրբեջանցի: Երեկ եւ այսօր կրկին սահմանամերձ շրջաններում շարունակվել են կրակահերթերը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին մեկնարկած տարածաշրջանային այցելության շրջանակներում, Հայաստանից հետո այցելել է նաեւ Ադրբեջան, ուր խոսել է նաեւ վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի մասին:

«Ես շատ մտահոգ եմ դրանից և չեմ ցանկանում, որ լարվածությունն աճի: Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը: Պետք է համատեղ աշխատել՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար», – հայտարարել է Հիլլարի Քլինթոնը:

© Medialab.am