Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել

33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ:

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ մի քանի տարվա ընթացքում կինը ունեցել էր մի քանի վիժում, մահացած պտուղներ, ընդ որում՝ հղիության ուշ փուլերում: Կնոջն ընդունել էր «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը:

Նախ պետք էր պարզել հնարավոր այն խնդիրները, որոնք կարող էին առաջացնել նման ցավալի հետևանքներ: Կատարվել են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային բոլոր հետազոտությունները: Ախտորոշվել է ժառանգական թրոմբոֆիլիա, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, արգանդի պարանոցի հետծննդաբերական պատռվածք: Մինչև նոր հղիության պլանավորումը՝ Դավիթ Համբարձումյանը որոշել է նախ կատարել արգանդի պարանոցի վիրահատություն՝ պլաստիկա, որից հետո կինը ստացել է համապատասխան բուժում, այնուհետև որոշ ժամանակ անց հղիացել է:

Հղիության ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ մասնագետների ուշադրության ներքո: Բարդ դեպքի մասին զեկուցվել է ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանին, որի անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ էլ Դավիթ Համբարձումյանը վարել է հղիությունը:

9 ամիսների ընթացքում եւս առաջացել են բազմաթիվ խնդիրներ, որոնց համար կինը ստացել է բուժում, իսկ արգանդի պարանոցի իստմիկոցերվիկալ անբավարարության պատճառով կատարվել է վիրահատական միջամտություն՝ արգանդի պարանոցի ցիրկուլյար կարերի դնում: Համառ ջանքերի, մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ հղիությունը հնարավոր է եղել հասցնել մինչև 38 շաբաթական, որից հետո կատարվել է ծննդալուծում՝ բնական ճանապարհով: Ծնվել է առողջ տղա երեխա: