Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը՝ կարևորագույն երկու կոնցեպտի շրջանակում:
«Առաջինն այն է, որ ենթակառուցվածքները, որոնց մասին մենք խոսում ենք, պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, և երկրորդ՝ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի Հայաստանի Հանրապետության իրավազորությունը: Այս սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել, և հիմա էլ պատրաստ ենք թեմայի զարգացմանը և, ի վերջո, ապաշրջափակմանը, ինչը իմ կարծիքով կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար: Իսկ միջանցքի հարց չի քննարկվելու, դա մեզ համար կարմիր գիծ է »,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ապաշրջափակումից հետո մաքսային հսկողությունը կարո՞ղ է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը նշեց, որ նման քննարկում այս պահին չկա օրակարգում, գաղափարներ շրջանառվել են, բայց մշակված ձևաչափ այդ հարցի վերաբերյալ այս պահին չկա: