Լրագրող,Դովեղ ֆուտբոլային ակումբի տնօրեն Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Շուշին 30 տարի եղել է ավերակների մեջ: Եթե պարոն Փաշինյանը 1992-ին, 1993-ին, 1997-ին, 2003-ին, 2008-ին և այսպես շարունակ եղած լիներ Շուշիում և համեմատեր այն Շուշիի հետ, որ նա եղավ վերջին անգամ՝ Արցախի նախագահ Արայիկ Հայրությունյանի երդմնակալության արարողությանը կամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին (սիրտ չկա այստեղ դնել ոչ երդմնակալության և ոչ էլ հարսանիքի երջանիկ նկարները), ապա կտեսներ, թե ինչպես է ամեն տարի ավերակներից (ի դեպ, 1992-ին մենք՝ հայերս ավերեցինք ու թալանեցինք Շուշին) վեր կենում Շուշին:
Անթույլատրելի է, երբ պարտությունը ուրիշի վրա բարդելու մոլուցքը կամ այլ նեղ շահեր հետապնդելով, ապատեղեկատվություն է տարածում պարոն Փաշինյանը: Խոսքը ՀՀ առաջին դեմքի մասին է: Նույնն անում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա երեկ հերթական անգամ, որպեսզի ավելի համոզիչ դարձնի իր պնդումը, որ Շուշին և 7 շրջանները հանձնվել են Ադրբեջանին, հերթական անգամ խոսեց հայտնի 5 միլիարդի մասին, միաժամանակ պնդելով, որ Հադրութից մինչև Շուշի ադրբեջանական բանակը անցել է՝ չհանդիպելով դիմադրության, որ իբր խրամատներ չեն փորվել: Պարոն Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ առաջին դեմքը:
Նրա պնդումը ուղղակի չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք՝ վիրավորական է ընկածների ու վիրավորների հասցեին: Հադրութից մինչև Քարին Տակ և Շուշի ընկած հատվածներում՝ նույն Շուշիում, Քարին Տակում, Սղնախում, Ավետարանոցում և այդ գծի վրա ընկած մյուս բնակավայրերում ընթացել են արյունալի մարտեր, հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել:
Ադրբեջանցիները Հադրութից Շուշի հատվածը անցել են ուղիղ մեկ ամսվա ընթացքում և այդ ժամանակահատվածում եղել են բազմաթիվ արյունալի մարտեր:Այս մասին հավանաբար արժե ժամանակագրորեն ներկայացնել, թե ինչպես են ընթացել մարտերը: Բայց դրա համար ժամանակ է պետք: Բայց պետք է անել, թեկուզ ոչ հիմա:Մեկնաբանության մեջ դնում եմ 2 տեսանյութ և 1 հետաքննություն: Հետաքննությունը ՀԵՏՔ-ինն է և պատմում է Սղանխի մարտերի ու զոհերի մասին:
Առաջին տեսանյութը Արցախյան երկրորդ պատերազմը լավագույնը լուսաբանած ռուսական ԱՆՆԱ Նյուզի տղաների՝ Խարչենկոյի ու Կամիժիկինի խիզախ գործն է, իսկ երրորդը՝ հրեա լրագրողի նկարահանումները»: