Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան

Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։  

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է նշեմ նաև, որ քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնություն, որ «չոր նավահանգիստը», որն, ըստ էության, համընկնում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցին, ներդրվի հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի ընդհանուր ծրագրի մեջ և արդեն ներկայանա որպես դրա բաղադրիչներից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահան  Քերոբյանը: 

Նա նշեց, որ այս տարի արդեն իսկ առարկայական քայլեր կձեռնարկվեն «չոր նավահանգստի» գործարկման ուղղությամբ: «Արդեն շրջանառության մեջ ենք դրել ճանապարհային քարտեզը, որն, ի դեպ, կազմում է տեխնիկա-տնտեսական վերլուծության մաս: Զուգահեռաբար արդեն տանում ենք տարբեր աշխատանքներ՝ գործարքի համար խորհրդատվական ընկերություն ներգրավելու, մրցութային փաթեթ կազմելու և արդեն կոնկրետ ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»,- հայտնեց Քերոբյանը: