Կատոնից մինչեւ Քոքոբելյան. Արամ Աբրահամյան

Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ եւ գրող՝ Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաեւ Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն՝ արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց՝ ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան՝ հակառակը: Այսինքն՝ ավելի լավ է, դու չունենաս այն, ինչին գուցեեւ արժանի ես, քան ունենաս այն, ինչի վերաբերյալ կան կասկածներ, որ դու դա չես վաստակել: «Ունենալ եւ չունենալ»՝ այդպես է կոչվում նաեւ Հեմինգուեյի հրաշալի վեպը՝ նույն թեմայով:

Ես այդ ամենը հիշեցի, բնականաբար, Խաչատուր Քոքոբելյանի հետ կապված: Ես չգիտեմ, թե ինչ են նրանք պայմանավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ չնայած ինձ թվում է, որ նման խնդիրների շուրջ պետք է պայմանավորվել գրավոր: Բայց պարոն Քոքոբելյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ Րաֆֆին սխալ է: Եվ այդ ճանապարհը մեկն է՝ պատգամավորական մանդատը վայր դնելը: Մնացած բոլոր բացատրությունները, արդարացումները, ակնարկները «ներդրումների» մասին (նյութակա՞ն), չեն օգնի, որքան էլ պերճախոս լինեն եւ տրամաբանված խոսեն պարոն Քոքոբելյանը կամ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները: Միեւնույն է՝ միշտ հնարավորություն կլինի ասելու, որ նա պատգամավոր դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» շնորհիվ ու հիմա կառչում է այդ մանդատից: Եթե այդ պնդումը նույնիսկ մեկ տոկոսով ճիշտ է (իսկ ես վստահ եմ, որ տոկոսների թիվն ավելի մեծ է), դա արդեն հիմք է՝ պատգամավորությունից հրաժարվելու համար: Դուք կասեք, որ այդ տրամաբանությամբ ներկայիս պատգամավորների մեծ մասը պիտի հրաժարվի մանդատից: Տեսականորեն՝ այո: Բայց այդ «մեծ մասին» ես նման խորհուրդ չեմ տա, որովհետեւ նրանցից այն ակնկալիքները չունեմ, որոնք ունեմ ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» խմբակցություններից՝ նրանք գոնե ինչ-որ չափով պետք է հակադրվեն «վերնախավում» տիրող ցինիզմին եւ ամբարտավանությանը: Կարդալ ավելին