«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Տիկի՛ն Սահակյան, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում հիմա էլ անցնում է վերաքննիչ դատարանով, երեկ Դավիթ Մանուկյանն ուղերձով էր հանդես եկել, որն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, ու որից պարզ է դառնում, որ Ադրբեջանի մեղադրանքներն առնչվում են 2020 թվականի պատերազմի պլանավորմանը, նախապատրաստմանը և վարմանը։ Ի՞նչ է հայտնի ձեզ այդ դատավարությունից:
– Այո՛, բողոքարկվել է Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը, իհարկե այն ձևական բնույթ է կրում ու ավելի՝ հանրային այն պաշտպանները, որոնք բողոք են ներկայացրել, առ այսօր չեն էլ ծանոթացել դատավճռի ամբողջական տարբերակին: Մենք ունենք որոշ դատավարական գործողությունների կրկնություն, որոնք ընթացել են Բաքվի ռազմական դատարանում:
Ձևական առումով դատարանը փորձում է իմիտացնել, որ որոշ ակնառու խախտումներ շտկվում կամ վերացվում են, ինչպես, օրինակ՝ թարգմանությունների խնդիրը կամ պաշտպանների կողմից որոշ իրավունքների իրականացումը: Կարևորն այն է, որ մեղադրյալները չեն ընդունում մեղքն ու հստակ փաստական տվյալներով ներկայացնում են, թե ինչ խնդիրներ են առկա, ինչի պայմաններում նրանց չի կարող մեղսագրվել որևէ արարք:
Ընդհանրական մոտեցումն այն է, որ Արցախի չճանաչված պետության օրինական գործունեությունը փորձ է արվում ներկայացնել որպես քրեական կազմակերպության գործունեություն, ու այստեղ անձնական պատասխանատվության սկզբունքն ամբողջությամբ անտեսված է: Թեզ է առաջ քաշվում, որ բոլոր դեպքերում ագրեսիվ պատերազմը վարել են Հայաստանն ու հայկական զորքերը, ու պատերազմում նախահարձակ լինելը վերագրվում է հայկական կողմին:
Սա բացարձակ սուտ է ու միջազգայնորեն քննարկված ու հերքված թեզեր են: Երեկվա ուղերձն էլ, ըստ էության, դրան էր առնչվում, քանի որ մեղադրանքների հիմքում դրված է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսել է հայկական զորքը, ու ագրեսիա նախապատրաստելու և իրականացնելու մեղադրանքներով էլ հենց դատավճիռներ են իրականացվել:
– Այս պարագայում որքանո՞վ է անհրաժեշտ, որ Հայաստանից պաշտոնական արձագանք հնչի այդ մեղադրանքի դեմ:
– Իրավական առումով դա նշանակություն չի ունենա, քանի որ այս դատավարությունները շինծու են ու իրականացվում են քաղաքական դրդապատճառներով: Առաջնային լսարանը հենց ադրբեջանական հասարակությունն է, երկրորդը՝ միջազգային հանրությունը, որի համար խմբագրվում են Արցախի ողջ պատմությունը ու պատմական ճշմարտությունները:
Քաղաքական առումով այդ արձագանքը շատ կարևոր է, որովհետև եթե այդ մեղադրանքներն իրավացի են, ապա Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար կամ կարևորագույն որոշում իրականացնող անձ ակամա դառնում է հանցագործ ու այնպիսի հանցագործ, որն առնչվում է միջազգային իրավունքի խախտման ու միջազգային հանցագործության կատարման հետ: Ագրեսիան նաև Հռոմի ստատուտով սանկցիավորված հանցագործություն է, այսինքն՝ այստեղ միջազգային հարաբերությունների տեսանկյունից շատ վտանգավոր մոտեցում կա, որին պետք է արձագանք լինի բարձր մակարդակով նաև արտաքին քաղաքական գերատեսչության ներգրավվածությամբ: Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելն անթույլատրելի է, ու այստեղ պետք է հակաթեզերը ներկայացվեն, որպեսզի միջազգային հանրությունը չհայտնվի մոլորության մեջ:
– Տիկի՛ն Սահակյան, եթե այդ արձագանքը չլինի, ապա Ադրբեջանին որքանո՞վ է հաջողվելու պատմության կեղծումը:
– Այստեղ իրողությունների խեղում է տեղի ունենում, ու հանցագործ ռեժիմը փոխակերպվում է զոհի՝ զոհին դարձնելով հանցագործ: Սրան պետք է հակազդել իրավական ճանապարհով, մասնավորապես, այդ դատավճիռներն ու դատավարությունը մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից պետք է ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այլ վերաբերելի ատյաններ, որպեսզի իրավական ավելի բարձր մակարդակի փաստաթղթերում արձանագրենք պատմական ճշմարտությունն ու իրավունքը:
– Այս վերաքննիչ դատավարությունը որքա՞ն կշարունակվի:
– Իմ գնահատմամբ՝ ամենաուշը աշնան սկզբին ավարտված կլինեն, ու հասկանալի է, որ մենք իրատես ենք ու պատրանքների մեջ չենք ընկնում, պարզ է, որ այդ քաղաքական որոշումը վերահաստատելու ու վավերացնելու է նաև այս դատարանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















