«Պետք է իրական վերահսկողություն լինի, որ մարդիկ բուհում շփվելու փոխարեն, չգնան մոլերում, զվարճանքի վայրերում շփվեն». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, քովիդի թվերը Հայաստանում շարունակում են աճել: Այս պահին լոքդաունի մասին դեռևս խոսք չկա: Ձեր կարծիքով՝ այս անվերահսկելի իրավիճակն ինչպե՞ս կարող ենք որոշակիորեն բալանսի բերել, երբ մոլերում համատարած բազմություն է հավաքված, միջոցառումների արգելք չկա, և միայն դպրոցների ու բուհերի նկատմամբ սահմանափակում դրվեց:

– Նախ նշեմ, որ այս վիճակը մեծ հավանականությամբ կանխատեսելի էր, թեև շատ վատ է, որ մեր կանխատեսումներն իրականություն են դառնում: Այստեղ մենք պետք է հասկանանք՝ արդյոք որոշում կայացնողներն ունե՞ն տարբեր իրավիճակներում գործողությունների պլան, թե՞ չունեն: Դա, ի դեպ, նաև օրենսդրական պահանջ է, որ համաճարակի տարբեր փուլերի համար պետք է պլաններ լինեն:

Այս իրավիճակը մեղմելու համար մի քանի գործիքներ պետք է շատ արագ ու զուգահեռաբար կիրառվեն: Առաջինը՝ կրթական հաստատությունները պետք է ժամանակավորապես, այսինքն՝ մեկ ինկուբացիոն շրջան՝ 14 օր, կամ երկու ինկուբացիոն շրջան՝ 28 օր, փակվեն, որտեղ մոտ 500-600 հազար մարդ է կրթվում, աշխատում ու շփվում:

Դա բավարար չէ, պետք է քննարկել նաև հատկապես խոշոր հիմնարկներում մարդկանց մի մասին, ասենք՝ 30 տոկոսին, հեռավար աշխատանքի տեղափոխման հարցը: Երրորդ՝ շատ կարևոր է, որ այդ ամենը արդյունք տա, այսինքն՝ այնպես չլինի, որ մարդիկ բուհում շփվելու փոխարեն հիմա էլ գնան մոլերում, զվարճանքի վայրերում շփվեն, դրա համար պետք է իրական հսկողություն իրականացվի: Սա վերաբերում է նաև մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ տրանսպորտ և այլն:

Իսկ ամենակարևորը հետևյալն է. այդ ամենը չի աշխատի, եթե մենք առայսօր մեր հասարակությունում չունենք համաճարակի դեմ պայքարի հստակ ձևավորված պահանջարկ: Ըստ էության, մենք տեսնում ենք, որ սակավ մարդիկ են խոսում դրա մասին:

– Ավելին, շատերը նշում են, որ քովիդ գոյություն չունի, հորինված է:

– Դե ես մեղմ եմ ասում: Սակավ մարդիկ են ցնցվում այն թվերից, որոնք ամեն օր մենք կարդում ենք: Ամեն մի այդպիսի չոր թվի հետևում մի մարդու կյանք է, մի ընտանիքի բարեկեցություն է, չիրականացված ծրագրեր են: Այստեղ պետությունը մեծ դեր ունի, այսինքն՝ այդ պահանջարկը չի կարող ինքնաբուխ ձևավորվել:

Պետությունը պետք է շատ արագ երկրի բոլոր ինստիտուտներում՝ լինի կրոնական, լինեն կառավարման հաստատություններ, լինի համայնք, բանակ, այս միտքը սերմանի, որ այսպես այլևս հնարավոր չէ: Հակառակ դեպքում վերը իմ ասածը հերթական անգամ մնալու է թղթի վրա ու չի իրականանալու: Իհարկե, կարևոր է պատվաստումների խթանումը, որն էլի կախված է այդ պահանջարկի ձևավորումից և մարդկանց հարցերին սպառիչ պատասխաններ տալուց:

– Մի կողմից պաշտոնյաները կոչ են անում դիմակ կրել, պահպանել կանոնները, մյուս կողմից՝ մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում նրանց կողմից: Սա լրացուցիչ անվստահություն չի՞ առաջացնում:

– Իհարկե առաջացնում է: Ինչքան էլ մեր հասարակության որոշ ներկայացուցիչներ սիրում են հասարակությանը պիտակավորել տարբեր մակդիրներով՝ տգետ, անկիրթ և այլն, բայց դա այդպես չէ:

Մեր ժողովուրդը ֆալշը շատ լավ զգում է, մեսիջներն էլ է զգում, և պատճառը, որ այսօր չենք կարողացել ձևավորել այդ հակահամաճարակային վարքագիծը, գալիս է նրանից, որ սկսած 2020-ի հունվարի 30-ից ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ակնհայտ կեղծ, մանիպուլյատիվ, անընդհատ 180 աստիճան փոփոխվող հայտարարություններով են հանդես եկել, մարդիկ էլ դա զգացել են:

Ու հիմա մարդիկ, որոնք բժիշկ չեն, բուժաշխատող չեն, գիտնական չեն, տարակուսած վիճակում են՝ ի վերջո սա վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Բա եթե վտանգավոր էր, ինչու էին այդպիսի բաներ հայտարարում: Սա է պատճառը:

Նման հարցերում հետևողականությունը շատ կարևոր է, և նրանց վարքագիծն էլ է կարևոր, թե դու ինչ մեսիջ ես մարդկանց տալիս քո խոսքով, քո վարքագծով, քո մտքերով: Ցավոք, մենք տեսնում ենք, որ այդ հակասական մեսիջները չեն դադարում, խոստումներ են տրվում, հետո պարզվում է՝ չեն իրականանում: Pfizer-ը պետք է գար, պարզվում է՝ ուղտերով են բերում, տեղ չի հասնում, փակ տարածքում պատվաստված մարդիկ պե՞տք է դիմակ կրեն, թե՞ կարող են չկրել, ու այդպես շարունակ:

Սրանք բոլորը հանրային դաշտում մարդկանց մեջ կասկածներ են առաջացնում: Իհարկե, հեշտ է սկզբից կասկածներ առաջացնել, հետո այդ նույն մարդկանց մեղադրել տգիտության համար: Կրկնում եմ՝ ինչքան էլ մարդիկ առողջության մասին անբավարար գիտելիքներ ունեն, նրանք շատ լավ զգում են այդ ամեն ինչը:

– Եթե մեկ շաբաթ համատարած լոքդաուն լինի, դա իրավիճակի վրա որոշակի ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ:

– Շատ քիչ երկրներ կան, որ գնացել են կրկնակի լոքդաունի: Եթե չեմ սխալվում՝ միայն Բալթյան երկրներն են գնացել դրան: Բայց պետք է օբյեկտիվ լինել, եթե պետք է լինի այնպիսի լոքդաուն, որը մեկ անգամ ունեցել ենք, այսինքն՝ լինի լոքդաուն, որը արդյունք չտա, ավելի լավ է չլինի: Ավելի լավ է փորձել այլ եղանակներ կիրառել: Ընդ որում՝ մեկ շաբաթը շատ բան չի փոխելու:

Ես կառաջարկեի սկզբում իմ նշած 4-5 ուղղությունները կյանքի կոչել՝ նախկին սխալները վերլուծելով: Դա ավելի արդյունավետ կլինի, քան լոքդաունը: Որովհետև ինչ մի ամբողջ պետական մեխանիզմ կանգնեցնես, դա կտևի 1-2 շաբաթ, դեռ դրանից հետո պետք է այդ մեխանիզմը ևս 1-2 շաբաթ կանգնի, որ օգուտ տա, հետո էլ մի քանի շաբաթ է պետք, որ այդ մեխանիզմը նորից սկսի աշխատել: Մարդկանց թվում է, որ մի ստորագրությունը թղթի վրա կյանքում մեծ բան է փոխում, բայց այդպես չէ: Ստորագրությունից սկսվում է, բայց մինչև դա աշխատում է, դրա համար ժամանակ է պետք:

– Իսկ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն առհասարակ տեսնո՞ւմ եք:

– Վերջին 2-3 շաբաթներին պատվաստումների տեմպը գրեթե կրկնապատկվել է: Սա, իրոք, դրական ցուցանիշ է: Տեսնենք՝ ընթացքում ո՛նց կլինի: Երբ հասարակության մեջ պատվաստված մարդիկ շատ լինեն, խոսքից խոսք փոխանցվելով՝ մնացածներն էլ կզգան, որ դա իրոք օգնում է:

Երբ մարդը ճանաչի շատ պատվաստված մարդկանց, տեսնի, որ նրանք չիպավորված չեն, միանգամից չեն հիվանդանում ու մահանում, դա կարող է ազդել:

Մանե Հարությունյան

MediaLab.am