Վտանգավոր գյուղատնտեսություն. Ադրբեջանում բերքատու հողերը կոյուղաջրով են ոռոգում

Վտանգավոր գյուղատնտեսություն. Ադրբեջանում բերքատու հողերը կոյուղաջրով են ոռոգում
Վտանգավոր գյուղատնտեսություն. Ադրբեջանում բերքատու հողերը կոյուղաջրով են ոռոգում

Քարիմ Գուրբանովը պնդում է, որ մաքուր ոռոգման ջրի բացակայության պայմաններում, ստիպված է իր բանջարեղենի դաշտը կոյուղաջրերով ոռոգել:
«Ես չեմ ուզում մարդկանց թունավորել, բայց պետք է ընտանիքս պահեմ, ուրեմն ստիպված եմ հողս կոյուղաջրով ոռոգել: Սպասում եմ, մինչեւ կվերանորոգեն ֆիլտրները, որպեսզի կարողանամ բանջարեղենիս բերքը մաքուր ջրով ոռոգել», – ասում է նա:
Գուրբանովն ապրում է Ադրբեջանի հյուսիսարեւմտյան Սամուխի շրջանում, որտեղ հողագործներից շատերն են իրենց բերքը թափոնաջրերով ոռոգում:

«Արտեզյան ջրհորներից շատերը չեն գործում: Մենք այլ ելք չունենք`եթե այս կոյուղաջրերը չօգտագործենք, ապա բերք չենք ունենա: Նույնիսկ այս կեղտաջրերն օգտագործելու համար պետք է կաշառք վճարենք սանիտարական տեսուչներին, որպեսզի նրանք աչք փակեն այս ամենի վրա», – ասում է Գուրբանովը:

Խորհրդային տարիներին Սամուխի հողագործներն իրենց բերքը ոռոգում էին արտեզյան ջրհորներից եկող ջրով, բայց անկախության տարիներին այս ջրհորներն այլեւս չէին գործում: Այնուհետեւ նրանք ստիպված եղան օգտագործել Ադրբեջանի`մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի թափոնաջրերը վերամշակող գործարանի ջուրը, բայց 10 տարի առաջ գործարանը դադարեց գործել եւ այդ ժամանակվանից ի վեր տեղաբնակները ստիպված են իրենց բերքը կոյուղաջրով ոռոգել:

Ադրբեջանի արեւմտյան շրջանների բնակիչներն արդեն գիտեն, որ շուկայում բանջարեղեն գնելիս պետք է հարցնել, թե որտեղ է այն աճեցվել, որպեսզի խուսափեն Սամուխում աճեցված գյուղմթերքից:

Սամուխի շրջանի Հիգիենայի եւ համաճարակաբանության տեսչության գլխավոր բժիշկ Իլկին Հասանովը պնդում է, որ իր աշխատակիցների`կոյուղաջրերի հոսքը դադարեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել:

«Մենք բազմիցս դիմել ենք տեղական իշխանություններին եւ վերանորոգել ենք խողովակները, որպեսզի թույլ չտանք, որ թափոնաջրերը հոսեն բանջարեղենի դաշտերը: Գյուղացիները կրկին կոտրում են կոյուղու խողովակները եւ աղտոտված ջրերն անխափան հոսում են ամենուրեք», – ասում է Հասանովը:

Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ թափոնաջրերը կարող են չափազանց վտանգավոր լինել առողջության համար հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է մեծ քաղաքի կոյուղաջրերի մասին:

«Կոյուղաջրերը գալիս են մի շարք գործարաններից եւ հիվանդանոցներից: Եթե Գյանջայից եկող կոյուղաջրերը ֆիլտրման չենթարկվեն, շատ վտանգավոր կլինի դրանք օգտագործել բույսերը ջրելու համար: Բերքը վտանգավոր է դառնում առողջության համար, քանի պարունակում է կոյուղաջրում եղած մանրէները եւ բակտերիաները», – ասում է Վուգար Բաշիրովը:

Գյանջայի գլխավոր հիվանդանոցի վարակաբան Քարիմ Ալիեւը հաստատում է նման վտանգի առկայության փաստը:

«Աղտոտված ջրում եղած վարակիչ հիվանդությունների հարուցիչները կարող են փոխանցվել բանջարեղենին: Օրինակ, որովայնատիֆի հարուցիչը կարող է ապրել բույսի վրա 2-3 ամիս, իսկ դիֆթերիայի հարուցիչը`15-20 օր: Նույնիսկ ամենայն զգուշությամբ լվանալով բանջարեղենը`հնարավոր չէ լիովին ձերբազատվել մանրէներից: Սա վարակիչ հիվանդությունների տարածման համար պայմաններ է ստեղծում», – ասում է Ալիեւը:

Վարակաբանը նշում է, որ Գյանջայում հատկապես աճում են հեպատիտի տարածման ցուցանիշները: 2012թ. փետրվարին կատարված ուսումնասիրության համաձայն`քաղաքի յուրաքանչյուր 20 բնակիչներից մեկը հեպատիտ B կամ C հիվանդության ախտանիշներ ունի:

Սամուխի շրջանային իշխանությունների ղեկավարի տեղակալ եւ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու Շաքիր Մամեդովը նշում է, որ տվյալ պահին խնդրի մի շարք հնարավոր լուծումներ են ուսումնասիրվում:

«Շրջանային իշխանությունների նոր ղեկավարի նշանակումից հետո թափոնաջրերի օգտագործման դեմ պայքարն ակտիվացել է: Արտեզյան ջրհորները վերանորոգվում են, որպեսզի մարդիկ կարողանան մաքուր ջուր ստանալ: Ծրագրվում է նաեւ ոռոգման ջուրը Սամուխ հասցնել նոր ջրանցքների միջոցով: Սակայն եթե Գյանջայից եկող կոյուղաջրերը վերամշակվեին, ապա խնդիրը, իհարկե, կլուծվեր», – ասում է Մամեդովը:

Կոյուղաջրերի ֆիլտրման համակարգի վերանորոգման աշխատանքների նախագծի վերահսկող Ագիլ Հաջիեւն ասաց IWPR-ին, որ աշխատանքն ավարտին հասցնելու համար եւս 2 տարի կպահանջվի:

Վուսալ Մամեդով


 

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net