Ռուսական ասացվածք կա՝ с волками жить – по-волчьи выть, դեռ հույս ունեմ, որ գայլերի դեմ այլ միջոցներ կգտնվեն, քան նրանց մակարդակի իջնելը․ Գևորգ Տեր-Գաբրիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը

Պարո՛ն Տեր-Գաբրիելյան, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը թեժ քննարկումների առիթ հանդիսացավ։ Հեղափոխությունից երկու տարի անց արդյոք կանխատեսելի՞ էր նման իրավիճակը: Ինչո՞ւ տեղ ունի բռնությունը ամենաբարձր պետական ատյանում:

– Հենց մի օր առաջ, մեկ այլ մեդիայում խոսելով բռնության նախորդ դրսևորումների մասին, ես ասացի, որ աշխարհի շատ պառլամենտներում բավական հաճախ են լինում տուրուդմփոցի դեպքեր: Փաստորեն, ավաղ, կանխագուշակեցի մեզանում պատահածը: Այդ դրսևորումները ես բացատրում եմ նրանով, որ հանուն իշխանության վարվող քաղաքականությունն աշխարհի մի խոշոր մասում, ինչպեսև մեզանում, ասոցացվում է բռնության բարքերի հետ. այն երբեմն կանոններ, օրենք չի ճանաչում, ձգտում է «բեսպրեդելի», այսինքն՝ հանուն իշխի ամենը թույլատրված է:

Այն նաև կարող է հատուկ սադրվել կամ պլանավորվել՝ քաղաքական թատրոնին՝ թամաշային գրավչություն հաղորդելու նպատակով: Ամեն դեպքում, դա ցույց է տալիս պետության թուլություն և իշխանության շուրջ մարտնչող քաղաքական ուժերի անկարողություն՝ անխոնջ կերպով զբաղվել լուրջ, հասարակության համար օգտավետ փոփոխություններով: Փոխարենն ակտիվության «սիմուլակր» է ցուցադրվում՝ «բռնության պարի» միջոցով:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ դահլիճում վիրավորանքներ միմյանց ուղղեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս երևույթի կրկնությունը արդյոք չի՞ խոսում այն մասին, որ իշխանությունը համարժեք կերպով չի դատապարտում և հստակ գնահատականներ չի հնչեցնում ԱԺ պատգամավորների վարքագծի վերաբերյալ։

– Տուրուդմփոցը կրկնություն չէր, այլ էսկալացիա. ընդհանուր առմամբ վերջին շրջանում մենք ականատես եղանք «կանոններից դուրս» տեղի ունեցող մի շարք դեպքերի, ես դրանց մեջ, բացի վերը նշվածներից, կընդգրկեի նաև Ալեն Սիմոնյանի մենամարտը հայտնի տրոլլի հետ, ինչպես նաև Գավառ-Նորատուսի դեպքերը:

Այս ամենը պահանջում է իրավական գնահատականներ, սակայն սրանց դրսևորման պատճառը, բնականաբար, հենց իրավունքի համակարգի թուլությունն է մեր հասարակությունում, ինչը բոլորս գիտենք: Քաղաքական գնահատական սա նույնպես պահանջում է և, ձևական թե ոչ, կլինի, երևի, սակայն օգուտ կտա՞, թե՞ ոչ՝ հարց է, քանի որ բացի իրավականից՝ նաև մշակութային փոփոխություն է պետք, իսկ դա դժվար և տևական պրոցես է:

Փաստորեն կարելի է ասել, ինչը և սպասելի էր, որ 2018 թ. ապրիլի հեղափոխությունը թավշյա էր ոչ թե շնորհիվ ժողովրդի մշակույթի, այլ շնորհիվ ժողովրդի՝ իր նորընծա առաջնորդ շարժմանը և դրա առաջնորդին ենթարկվելու պատրաստ լինելու պատճառով: Երբ թողնվում է սեփական որոշմանը՝ ժողովրդի մի խոշոր մասը դիմում է բռնության. դա՛ է մեր մշակույթը: Պետք է նաև հաշվի առնել, որ սրանք ամենաակնառու դեպքերն էին բռնության, ներառյալ՝ ընտանեկան բռնության այն դեպքերը, որ վերջերս մեր ուշադրությունը գրավեցին, կամ՝ բանակի դեպքերը:

Մինչդեռ բռնության «մանր» դրսևորումներն ամենօրյա են: Կարանտինի այս ժամանակաշրջանում դրանք նաև պայմանավորված են հոգեբանական գործոններով՝ անկառավարելի տագնապով: Եվ դրանց դրսևորումներից է նաև, ասենք, դիմակով մարդկանց ծաղրելը դիմակ կրելու համար: Թվում է, մանր է, բայց «մանր» բռնություններից են գոյանում համատարածը, մեծը, զոհերով լին:

Հեղափոխությունը ի սկզբանե հայտարարված էր թավշյա և ոչ բռնի, սակայն այլ բանի ենք ականատես լինում։ Ինչո՞ւ։ Ընդ որում, իշխանությունները ոչ համաչափ են արձագանքում նաև, օրինակ՝ իրավապաշտպանների, քաղհասարակության հանդեպ տեղի ունեցող, տարբեր խմբերի կողմից կազմակերպված տեռորի և հարձակումների նկատմամբ: Ինչո՞ւ է բռնության արձագանքը ընտրովի:

– Բռնությունը մեզանում շատ ավելի համատարած մշակույթ է, քան դրան արձագանքելու՝ գոյություն ունեցող ոչ բռնի միջոցները, լինեն դրանք քաղաքական, իրավական թե հասարակական-համայնքային: Քանի որ մեր մշակույթը բռնության մշակույթի ժառանգ է. մի մշակույթի, որ ամրապնդվել է ողջ 20-րդ դարի ընթացքում (էլ չասած նախորդ դարերը)՝ խորհրդային համակարգի միջոցով, և անկախության տարիներին՝ քրեագողական համակարգի տիրապետության պայմաններում: Վերջինս մի կողմից արմատավորել է բռնության մշակույթը, մյուս կողմից՝ թուլացրել կամ կոլապսի ենթարկել դրան դիմագրավելու միջոցները, ներառյալ իրավական համակարգը և կրթությունը (որ պիտի որ հակաբռնության մշակույթի առհավատչյան լինի, բայց չէ):

Միակ հուսադրողն այն է, երբ հասկանում ես, որ հակաբռնության մշակույթը շատ երիտասարդ է պատմականորեն. բոլոր նախորդ դարաշրջաններում, մարդկության պատմության ընթացքում բռնության մշակույթը շատ ավելի համատարած և անկասկած է եղել: Մարդու իրավունքը, արժեքը, արժանապատվությունը գնահատելը չափազանց նոր, երիտասարդ արժեքներ են: Իհարկե, միշտ էլ եղել են համակեցության կանոններ, սակայն դրանք անքակտելիորեն հյուսված են եղել ամենօրյա բռնությանը, որն արտահայտվում էր ամենատարբեր ձևերով:

Այժմ, շնորհիվ նոր տեխնոլոգիաների ականատես լինելով բռնության դրսևորումներին շատ ավելի, քան առաջներում, մեր հասարակությունները հնարավորություն ունեն դրանց հակազդելու և քչացնելու, նույնիսկ վերացնելու: Այն, ինչ առաջներում հնարավոր էլ չէր պատկերացնել, քանի որ տիրող մշակույթ էր, իսկ այժմ հավասարազոր պայքար է գնում բռնության և հակաբռնության մշակույթների միջև: Հաղթանակը, իհարկե, դեռ հեռու է:))

Վերջերս ընդունվեց բռնության կոչերը քրեականացնող օրենքի նախագիծը: «Իմ քայլի» պատգամավորները տարբեր առիթներով նշել են, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Նիկոլ Փաշինյանի առաջարկով: Եթե խոսենք, օրինակ, օնլայն տիրույթի մասին, ամիսներ շարունակ ատելության խոսք և բռնության կոչեր են հնչում իրավապաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչների հասցեին, բայց գործնական քայլեր մենք տեսանք, օրինակ՝ «Դուխով Հայաստան» օգտատիրոջ հայտնաբերման և ձերբակալման ժամանակ, որը ուղղակիորեն կապված էր վարչապետի հետ: Արդյոք պե՞տք է հավատալ, որ օրենքը չի օգտագործվելու ընտրողաբար՝ իշխանության շահերը սպասարկելու համար: 

– Ոչ մի «վերից օրենք», ոչ մի «տեսլական» կամ «ռազմավարություն» չի կարողանալու «արդարորեն» հաշվեհարդար տեսնել բռնությունների դրսևորումների հետ, եթե չլինի հասարակության գիտակից առաջնորդությունը՝ անհանդուրժողականությունը բռնության դրսևորումների դեմ: Ճիշտ ինչպես 2018 թ. հեղափոխության ժամանակ հասարակությունը, ի վերջո, իր ձեռքը վերցրեց քաղաքական իշխանության մի մասը, նույնկերպ էլ այն պիտի որոշի և պահանջի բռնության դրսևորումների՝ ոչ թե միայն պաշտոնական, այլև չգրված օրենքներից դուրս հայտարարում:

Բռնությունը պիտի «իջեցվի» հասարակական կարծիքում, ազդարարվի «կաստայից դուրս», «անդիպչելի». ինչպես բռնի միջավայրերում վարվում են որոշ զոհերի նկատմամբ (և դա անտանելի մշակույթ է)՝ նույն վերաբերմունքը պիտի ստանա բռնությունը հանրային, հասարակական վարքային մշակույթում:

Բռնությունն ամոթ է և խայտառակություն:

Իսկ դա դժվար է. դա նշանակում է փոխել ամենօրյա վարքդ, սովորույթներդ, խորապես վերանայել բոլոր ինստիտուցիաների հիմքում ընկած արժեքները, և սկզբում գիտակցորեն վարվել այլ կերպ, հետո կամաց-կամաց այդ նույն վարքն արդեն «ներքնայնացնել»՝ ինտերիորիզացնել, և ավտոմատացնել, դարձնել սովորույթ, ավանդույթ, ադաթ:

Անալոգիան հնարավոր է համաճարակի ժամանակ վարքի փոփոխման կարիքի հետ, թեև սա, իհարկե, ավելի փոքր դեպք է, քան հասարակության սովորույթը՝ բռնության մեջ ապրել, փոխելը: Սակայն ճիշտ ինչպես պետք է սոցիալական հեռավորություն պահպանել, իրար քիթ չմտնել, իրար չդիպչել, դիմակ կրել, ապրանքները մաքրել, ձեռքերը հաճախ լվանալ և այլն – նոր «պայմանական ռեֆլեքսներ» պիտի ձևավորվեն հասարակության մեջ՝ բռնությունը զրոյացնելու համար:

Վերադառնանք այսօր ԱԺ-ում ստեղծված աննախադեպ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում դատապարտեց բռնությունը, միևնույն ժամանակ մեղադրեց Մարուքյանին՝ տեղի ունեցածը քստմնելի սադրանք համարելով։ Եթե սադրանք է, ապա բռնությա՞մբ պետք է պատասխանել։ Արդյոք վարչապետի ելույթը իր հերթին զերծ չէ՞ր բռնության խոսքից։ Մասնավորապես, մեջբերում եմ. «Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Ուզում են դնել ընտրության առաջ, կա՛մ մենք պետք ա դառնանք պադեզդներում ծեծողներ, կա՛մ մեր թիմակիցները պետք է վախենան պադեզդներ մտնելուց, թույլ չենք տա, այո՛, այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք»։ Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա ելույթին։

– Ե՛վ նախկին ռեժիմը, և՛ միջազգային որոշ ուժեր (օրինակ՝ ռուսաստանյան որոշ շրջանակներ, որոնք պարտադիր չէ, որ առնչվեն բարձրագույն իշխանությանը) չեն ցանկանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում և, ռևանշիզմի մոլուցքից ու իրենց շահը կորցնելու վախից ելնելով՝ հրահրել են բռնության և հակաբռնության միջև «տրոլլական» (և ոչ միայն օն-լայն, այլև՝ օֆ-լայն դուրս եկող) «քաղաքացիական» պատերազմ, որտեղ դեռ զոհերը հիմնականում ոչ թե մարդիկ են, այլ գաղափարներ, արժեքներ, հույսեր, մտածողություն, մակարդակ:

Այդ պատերազմում նոր իշխանությունը կարծում է, որ դիմացինը հասկանում է միայն անզուսպ բռնի ուժի լեզուն, և երբեմն «իջնում» է իր հակառակորդի մակարդակին: Ներկայիս իշխանությունը ժառանգել է պետական ինստիտուտների խորքային ճգնաժամ. դրանք աղավաղվել, շահագործվել՝ «կթվել» են նախորդ ռեժիմի կողմից և դարձել գրեթե ոչ ֆունկցիոնալ՝ քաղաքակիրթ հասարակության կարիքները հոգալու համար, հաճախ էլ նույնիսկ նախապես գծագրվել են այդպիսին՝ գողոնը «լվալու», ոչ թե հասարակությանը ծառայելու նպատակով:

Շրջապատն «իջեցնում» է նոր իշխանության որոշ մասի մտահորիզոնը, կա այդպիսի ռուսական ասացվածք՝ с волками жить – по-волчьи выть: Ես դեռ հույս ունեմ, որ գայլերի դեմ այլ միջոցներ կգտնվեն, քան նրանց մակարդակի իջնելը: Բայց դրանում հասարակությունը պիտի օգնի, եթե կա այդ հասարակությունը՝ բռնությանը դեմ, ակտիվորեն օգնի, ոչ թե միայն պահանջի, հոխորտա, քննադատի և չարախնդա:

Գայլին կամ Շեր Խանին կարելի է ատամներ ցույց տալ, բայց պետք է նրանից շա՜տ բարձր մնալ, նրա աչքերի մեջ նայել՝ որ աչքերը փախցնի, դնչից բռնել և կրակով զարնել, ո՛չ այնքան ցավ պատճառելու, որքան իր վախկոտությունն ի ցույց դնելու, հասարակության աչքում իր հաշիվները մեկընդմիշտ փակելու համար: Եվ ես հույս ունեմ, որ դրա շանսը դեռ կորած չէ:

Չեմ կարող նաև չնկատել, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը համընկավ այս սրացումներին, և համոզված չեմ, որ դա պատահականություն է, և որքան ավելի է ձգձգվում դրա հաստատումը նախագահի կողմից (ի տարբերություն շատ այլ օրենքների արագ վավերացման), այնքան իմ անվստահությունն աճում է:

Բռնության մշակույթի դրսևորումը մեր հասարակության մեջ ի՞նչ արմատներ ունի։ Իրավիճակը ինչպե՞ս կարող է փոխվել։

– Ինչպես ասացի, մշակույթի փոփոխություն է պետք, ինչպես նաև այն արժեքների, որոնք արմատավորվել են այս հասարակությունում վերջին տասնամյակներում: Բացի քրեական մշակույթից (գողականությունից), մի քիչ ուրիշ կողմից օրինակներ բերեմ. ազգայնականության դիսկուրսը, այդ գաղափարախոսության սիմուլակրը պիտի փոխվի, վերանա: Օրինակ՝ ռազմատենչությունը պիտի դադարի ընկալվել դրական արժեք, քանի որ անքակտելիորեն կապված է բռնությունը փողհարելու հետ: Հայրենասիրությունը պիտի դադարի նրան ագուցված լինել: Խաղաղարարությունը և պարտվողականությունը պիտի միմյանցից սկզբունքորեն բաժանվեն, դրանք նույն բանը չեն:

Շատ դեպքերում «ազգ» բառը պիտի փոխարինվի «պետություն» և «հասարակություն» բառերով: Կանայք պիտի դադարեն հանդուրժել և պարտակել իրենց տղամարդկանց՝ որդիների, ամուսինների բռնությունը, ինչը նրանց էլ է դարձնում բռնության մշակույթի ջատագովներ: Համացանցում մեկնաբանություն գրելուց առաջ մարդիկ պիտի համաձայնեն մի քանի անգամ գցել-բռնել` արդյոք ճի՞շտ են անում, որ գրում են այժմ սա, թե ոչ: Այլ ոչ թե օգտագործեն համացանցը որպես իրենց սանձարձակ էմոցիաների շանթարգել:

Դրան գումարած՝ պետական ինստիտուտների ռեֆորմը, որոշ դեպքերում (հենց թեկուզ Սահմանադրական դատարանի դեպքում)՝ գրեթե զրոյից վերակազմակերպումը:

Եվ այլ, գրեթե անհնարին բաներ պիտի տեղի ունենան. ստեղծագործականության արմատավորում որպես հասարակության գլխավոր արժեք, մտածողության ուսուցում, բայց, հուսով եմ՝ տեղի կունենան գոնե մասամբ:))։

Արփինե Արզումանյան

MediaLab.am