«Ես զարդը զենք եմ դարձնում»․ ստեղծագործող կանայք զարդերը վաճառքի են հանել՝ հանուն հայրենիքի

Ականջօղեր, մատանիներ, կրծաքազարդեր՝ կանայք իրենց պատրաստած զարդերը հանել են վաճառքի՝ իրենց աջակցությունը ցուցաբերելով Հայրենիքին։

Օրեր առաջ նկարիչ-դիզայներ, «Լուսինե Հարությունյան» ձեռագործ զարդերի ապրանքանշանի հիմնադիր Լուսինե Հարությունյանը Ֆեյսբուքի էջում հայտնեց իր գաղափարի՝ «Ես զարդը զենք եմ դարձնում» նախաձեռնության մասին։ Հարությունյանը ստեղծված իրավիճակում որոշել էր իր պատրաստած զարդերը վաճառքի հանել և վաճառքի գումարն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն հայրենիքի։ 

Գաղափարը ոգևորեց նաև այլ ստեղծագործող կանանց, և ինքնաբուխ նախաձեռնությունը լայն տարածում ստացավ։

«Այս օրերին ամեն կերպ օգնել էինք, որոշ բաներ էինք գնել՝ հագուստ և այլն, բայց մի օր որոշեցի, որ զարդերն օգտագործեմ, վաճառեմ, ու հասույթը տրամադրենք հիմնադրամին։

Մտածեցի, որ այնպես անեմ, որ մարդիկ վստահություն ունենան՝ ոչ թե ինձ փոխանցեն գումարը, այլ իրենք անձամբ «Համահայկական» հիմնադրամի հաշվեհամարին ուղղեն գումարը, որ վստահ լինեն՝ գումարը փոխանցվում է։ Իմ նախաձեռնությունից հետո միացան շատ այլ կին ստեղծագործողներ, որոնք իրենց պատրաստած զարդերը հանեցին վաճառքի՝ նույն պայմանով։ Շատ ուրախ եմ դրա համար, մենք ուժեղ ենք միասին»,- «Մեդիալաբին» ասում է Հարությունյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ էր սկսել Արցախի դեմ: Թիրախավորել են անգամ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում: Նախքան հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո էլ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները ևս չեն դադարել։

Լուսինե Հարությունյանի խոսքով՝ գնորդը Ֆեյսբուքի էջում տեսնում է վաճառքի հանված զարդը, ապա նշված գումարը փոխանցում է համահայկական հիմնադրամի հաշվեհամարին և կտրոնով մոտենում խանութ՝ զարդը վերցնելու։ 

«Կտրոնը տարբերակելու համար անպայման փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել` «Ես զարդը զենք եմ դարձնում»։ Եթե 2000 դրամանոց զարդ է գնում, երկու անգամ, օրինակ՝ 8000 համարին ուղարկում է՝ «Զարդը զենք եմ դարձնում»։ Բայց ավելի մեծ գումարի դեպքում արդեն փոխանցում են հիմնադրամի հաշվեհամարին»,- ասում է Հարությունյանը։

Նախաձեռնությունը սկսելու պահից վաճառվել է շուրջ 231․000 դրամի զարդ, գումարն արդեն փոխանցվել է համահայկական հիմնադրամին։ Հարությունյանի խոսքով՝ վաճառքի են հանվել տարբեր գնային սահմաններում զարդեր՝ 2000 դրամից մինչև 40․000 դրամ։

«Զարդերը արծաթից են կամ խառնուրդ մետաղներից։ Ներառում են՝ կուլոններ, մատանիներ, ականջօղեր, կրծքազարդեր և այլն։ Մի փուլ արդեն իրականացրել ենք, այսօր երեկոյան մյուս փուլն ենք սկսում։ Մեզ գումար է հարկավոր, այս անգամ ավելի շատ զարդ պիտի պատրաստեմ, որ վաճառենք»,- ընդգծում է Հարությունյանը։

KamKam-ի փայտե կրծքազարդերի հիմնադիր Արաքսյա Թաղարյանին ևս ոգևորել է նախաձեռնությունը, և առաջիններից է, որ միացել է գաղափարին։

Փայտից պատրաստված՝ վրան ամբողջությամբ ձեռքով նկարված կրծքազարդերի վաճառքի գումարը ևս ուղղվում է նույն նպատակին՝ հաջակցություն հայրենիքին։

«Իրականում տարբեր միջոցներով ենք փորձել աջակցել և՛ բանակին, և՛ Արցախի ժողովրդին, Լուսինե Հարությունյանի նախաձեռնությանը միանալով՝ մենք էլ փորձեցինք մեր աշխատանքներով աջակցել մեր զինվորներին և Արցախի ժողովրդին։ 3 օր է արդեն, ինչ հայտարարել ենք նախաձեռնության մասին, մոտավորապես 40․000-ի վաճառք է եղել։ Այդքան ներդրում ենք արել հիմնադրամին»,- ասում է Արաքսյա Թաղարյանը։

Թաղարյանի խոսքով՝ չնայած զարդերի վրա արված նկարազարդումները տարբեր թեմաներով են, այդ թվում՝ հայկական, այս օրերին առաջնային սպառվող տեսակը հենց հայկական մոտիվներով կրծքազարդերն են։

«Եթե գնորդները սովորաբար լավ բան գնելիս գոհ են լինում, այժմ նաև շնորհակալ են լինում նախաձեռնության համար։ Եթե մենք էլ կարող ենք զարդերով, գեղեցիկ ձևով մասնակցել և օգնել, ինչո՞ւ չանենք։ Մեր ուժը միասնության մեջ է»,- ընդգծում է Թաղարյանը։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am