«Այսօր ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները համարժեք չեն տիրող իրավիճակին». Արմեն Խաչատրյան

«Այսօր ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները համարժեք չեն տիրող իրավիճակին». Արմեն Խաչատրյան
«Այսօր ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները համարժեք չեն տիրող իրավիճակին». Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

– Պարո՛ն Խաչատրյան, Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո խոսվում է տրանսպորտային համակարգի արդիականացման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը հետայսու նման վթարներից խուսափելու համար։ Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում արդեն գրանցվել է 936 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 63, մարմնական վնասվածք է ստացել 1399 մարդ։ Մտահոգիչ չէ՞ այս ցուցանիշը։

– Ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու և, ընդհանրապես, վթարայնության մակարդակը Հայաստանում իջեցնելու համար պետք է իրականացնել համալիր միջոցառումներ։ 

Եվ միայն մեկ միջոցառում իրականացնելով՝ որևէ արդյունքի չենք կարող հասնել։ Այդ համալիր միջոցառումներն պետք է ընդգրկեն և՛ օրենսդրական դաշտում, և՛ այդ խնդրով լիազոր մարմնի կազմակերպչաիրավական փոփոխություններ, կոնկրետ ՃՈ-ի, և՛ քաղաքաշինական միջոցառումներ, և՛ քարոզչական աշխատանքներ, և ուսումնադաստիարակչական միջոցառումներ։ 

Այս ամենը պետք է համատեղ իրականացվի և հնարավորինս հրատապ ռեժիմով, որպեսզի մենք ունենանք ցանկալի արդյունք։ Օրենսդրական դաշտում, ինչպես գիտեք, կա այդ փոփոխությունները կյանքի կոչելուն ուղղված նախագիծ, կկիրառվի բալային համակարգ, համաձայն որի՝ կոպիտ խախտումներ անող վարորդները վտանգի տակ կդնեն իրենց վարորդական իրավունքը։ 

Ճանապարհային ոստիկանության մասով կա նախագիծ, որի համաձայն այն պետք է վերածվի պարեկային ծառայության, անձնակազմի քանակը պետք է ավելացվի, համապատասխան տեխնիկական միջոցներով պետք է հագեցած լինեն, համապատասխան տրանսպորտային միջոցներով։

– Այդ նախագիծը ե՞րբ կքննարկվի և կընդունվի։

– Ըստ ոստիկանապետի հայտարարության՝ 2020 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայությունը կկազմակերպվի, սակայն օրենսդրական փաթեթը, կարծում եմ՝ աշնանը կընդունվի և 6 ամիս անց կմտնի ուժի մեջ, մոտավորապես մարտին։ 

Այստեղ մենք խնդիր ունենք Հայաստանում երթևեկության կանոնների պահպանման մշակույթի հարցում։ Գրեթե բոլորը տիրապետում են այդ կանոններին, դրանք պարզագույն կանոններ են, բայց բոլորը չէ, որ պահպանում են այդ կանոնները։

– Այսինքն՝ պետք է օրենքը ողջ խստությամբ գործի՞։

– Այո՛, պետք է օրենքը ողջ խստությամբ գործի, մյուս կողմից՝ մեծ տուգանքները, մեծ սանկցիաները այդքան էլ դրական էֆեկտ չեն ապահովում։ Եթե բալային համակարգով վտանգի տակ դրվի վարորդական իրավունքը, անկախ տուգանքի չափից, դա ավելի զսպող կլինի, ինչի փորձը կա ամբողջ աշխարհում։ Բալային համակարգը ավելի զսպող մեխանիզմ է, և ես վստահ եմ, որ բազմաթիվ իրավախախտումներ այս մեխանիզմի ընդունումով կկանխարգելվեն։ 

– Հիմա ծխելը, հեռախոսով խոսելը մեքենայի ղեկի մոտ արգելված է, բայց մենք ամեն քայլափոխի տեսնում ենք ծխող ու հեռախոսով խոսող վարորդներ։ Արագության գերազանցում այդքան չենք նկատում, որքան այս երկու արատավոր երևույթները, բայց, կարծեք թե, շատ մեղմ է լինում ոստիկանի մոտեցումը այդ երևույթին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Երբեմն նվազ նշանակության խախտումների դեպքում ոստիկանները բավարարվում են դիտողություն անելով, նախազգուշացումով, սակայն ձեր նշած խախտումները, թեև թեթև խախտումներ են թվում, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ իրենցից մեծ վտանգավորություն են ներկայացնում։

Ուղղակի այսօր ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները համարժեք չեն տիրող իրավիճակին։ Այսօր ՃՈ աշխատակիցները քանակական առումով բավականին քիչ են, և այսօրվա մեքենաների քանակն ու երթևեկության ինտենսիվությունը թելադրում են, որ անհապաղ միջոցներ ձեռնարկվեն և՛ քանակական, և՛ տեխնիկական հագեցվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ 

Գործ ունենք անելու նաև դպրոցներում. երթևեկության կանոնների ուսուցումը դպրոցներում պետք է լինի պարտադիր առարկա, որովհետև եթե վարորդից պահանջում ենք որոշակի գիտելիքներ, բայց ունենք նաև երթևեկության այլ մասնակիցներ՝ հետիոտներ, որոնցից որևէ գիտելիք մենք չենք պահանջում։ 

Դա նույնպես դժբախտ պատահարների պատճառ է դառնում։ Դպրոցներում պետք է երթևեկության կանոններն ուսուցանվեն, որի արդյունքում կունենանք և՛ լավ վարորդ, և՛ լավ ուղևոր, և՛ լավ հետիոտն։ 

Քաղաքաշինական միջոցառումներ նույնպես պետք է իրականացվեն, ճանապարհների թողունակությունը բարձրացվի, անվտանգության մակարդակը բարձրացվի, վերգետնյա ու ստորգետնյա հետիոտնային անցումներ պետք է կառուցվեն։

– Պարո՛ն Խաչատրյան, ամենակարևոր խնդիրը, որ նշվում է վերջին ողբերգական վթարի առնչությամբ, այն է, որ եթե «Գազելը» գազով չաշխատեր, նման պայթյուն չէր լինի, այսքան զոհ չէինք ունենա։ Չե՞ք կարծում, որ ժամանակն է շահագործումից ընդհանրապես հանել այդ «Գազելները», և դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտ գործարկել։ 

– Համալիր միջոցառումների, որոնք նշեցի, կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական տրանսպորտի պատշաճ կազմակերպումը։ Այն իր մեջ կներառի նաև համապատասխան տրանսպորտային միջոցներ, համապատասխան ավելի անվտանգ վառելիքով։

Այո՛, այսօր հրատապ է հասարակական տրանսպորտի պատշաճ կազմակերպման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, որովհետև այսօր տիրող իրավիճակը նախ՝ իր հերթին ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կարող է հանդիսանալ։

Բացի այդ, այլ բազմաթիվ խնդիրներ է ծնում, որոնցից մեկն այն է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը այսօր ընդհանրապես կանխատեսելի չէ, և որևէ բնակիչ չի կարող կանխատեսել, որ ինքը հասարակական տրանսպորտով կարող է ինչ-որ մի ժամանակահատվածում մի վայրից մյուս վայրը տեղափոխվել։ 

Էլ չեմ խոսում տրանսպորտում տիրող վիճակի, վարորդների վիճակի, տրանսպորտային միջոցի անվտանգության աստիճանի մասին և այլն։ Բոլոր առումներով մեծ խնդիրներ կան, և այս վիճակում մարդիկ ստիպված ավտոմեքենա են գնում, որ կարողանան իրենց հոգսերը հոգալ։ Դրա արդյունքում տրանսպորտային միջոցների ներմուծման մեծ աճ է գրանցվել՝ մեծացնելով և՛ խցանումների, և՛ ՃՏՊ-ների քանակը։ 

Իրականում հասարակական տրանսպորտից օգտվել ցանկացողների քանակը քիչ չէ։ Ես ինքս հաճույքով շաբաթվա որոշակի օրերի կօգտվեմ հասարակական տրանսպորտից, եթե այն գոյություն ունենա ընդհանրապես։ Կարծում եմ՝ հրատապ միջոցներ պետք է ձեռնարկել նաև այս ուղղությամբ։ Լիովին համաձայն եմ, որ հասարակական տրանսպորտի կազմակերպման հարցում բավականին մեծ թերացումներ կան, որոնք պետք է օր առաջ լուծում ստանան։

Մանե Հարությունյան

MediaLab.am