Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում զոհված և ինքնությունը պարզված 2986 անձանց անունների ցանկը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։
«Թափանցիկության, պատասխանատվության և հաշվետվողականության քաղաքականության շրջանակում նախագահ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է վերջին միջադեպերի ժամանակ զոհված 2986 անձանց ցուցակը»,– նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3117, սակայն 131 անձի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի ֆոնին։ Սկզբնական շրջանում բողոքների հիմնական թեման եղել են փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա։ Սակայն հետագայում Իրանի մի շարք քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ ուղղված գործող քաղաքական համակարգի դեմ։
Իրանի իշխանությունները անկարգությունների կազմակերպման և հրահրման համար մեղադրում են Միացյալ Նահանգներին և Իսրայելին։



















