Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ
Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այդ մասին տեղեկացնում է ԼՂ նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների, Հայ օգնության միության Ամերիկայի արեւմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, Համազգային միության ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի եւ Հոմենետմեն ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:

«Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը` այն համարելով հայ ժողովրդի եւ նրա պետականության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական եւ թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 25-ին` Լոս Անջելեսում:

© Medialab.am