Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ:
«Ուղղակի կապը Այշաթի սպանության մեջ կասկածվողների բացահայտված է գոնե սոցիալական ցանցերով», – «Ազատությանն» ասաց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա, հղում անելով բաց աղբյուրներին, նշեց՝ սպանության մեջ կասկածվող այս երկու անձանց նկատմամբ Ռուսաստանում նախկինում քրեական գործեր են հարուցվել, որոնք հետագայում կասեցվել են. «Մեկը՝ տղան, մեղադրվել է «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու մեջ, որը քրեորեն հետապնդելի է ՌԴ-ում, քրեական գործ է հարուցվել, ճակատագիրը հայտնի չէ, այսինքն՝ պատասխանատվության չեն ենթարկել, իսկ մյուս աղջիկը՝ դանակով սպանություն կատարելու սպառնալիքի գործողության մեջ, որը նույնպես չի դատապարտվել: Պարզ է, որ այդ մեխանիզմը՝ քրեական հետապնդում, այնուհետև ստիպել համագործակցության կամ դառնալ գործիք, գործել է»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















