ՀԱՊԿ հատուկ վարժանքի անցկացումը պատասխան է Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ինչպես տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքը ՀԱՊԿ երկրները կանցկացնեն Հայաստանում։ Արդյոք սա ի պատասխան Հայաստանի դիմումի է արվո՞ւմ։

– Ամենայն հավանականությամբ, հատուկ վարժանքը պատասխան է Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության։ ՀԱՊԿ-ը ցանկանում է ցույց տալ, որ դեռևս գործուն մարմին է, և Հայաստանն իր անբաժանելի մասն է։

ՀԱՊԿ-ը ցանկանում է Արևմուտքի համար պարզ դարձնել, որ Հայաստանի ռազմական խնդիրները պետք է լուծվեն բացառապես ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ։

Այլ հարց է, թե Հայաստանի շահերն ի՛նչ են պահանջում, և թե Հայաստանն ինչքանո՛վ է բավարարված զգալու իրեն ՀԱՊԿ-ի նման գործողությունից, և արդյոք դա համապատասխանո՞ւմ է այն ակնկալիքներին, որն ուներ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ-ին դիմելիս։

Այս ամենը հաշվի առնելով՝ ճիշտ կլինի, որ Հայաստանը ճշգրտի իր շահերն ու հասկանա, թե այդ հատուկ վարժանքն ի՛նչ չափով կարող է համապատասխանել Հայաստանի սպասումներին, և ի՛նչ չափով է դա պատասխան Արևմուտքի ակտիվությանը, և ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի այս ամենի արդյունքում Հայաստանը։

– Նկատի ունեք, որ ՀԱՊԿ անդամ երկրներին դուր չի՞ գալիս ի պաշտպանություն Հայաստանի Արևմուտքի ակտիվությունը, և այսկերպ փորձում են ճնշե՞լ այդ ակտիվությունը։

– Չգիտեմ՝ որքանով է տեղին քաղաքական գործընթացների վերաբերյալ արտահայտվել դուր գալ-չգալու համատեքստում, բայց, կարծում եմ՝ քաղաքական գործընթացներում բոլորը փորձում են իրենց շահերն առավելագույնս իրացնել, և Արևմուտքը, մասնավորապես, Ֆրանսիայի միջոցով փորձում է Հայաստանի հետ կապված գործընթացներում ավելի ակտիվ մասնակցություն ունենալ:

Բնականաբար ՀԱՊԿ-ը, գլխավորապես, Ռուսաստանը, հակառակ կողմից փորձում են չզիջել իրենց դիրքերը և մնալ հիմնական խաղացող կոնկրետ Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում։ Այս փոխադարձ գործողությունները հենց դիրքեր նվաճելու կամ նվաճածը պահպանելու ենթատեքստ ունեն։

– Պարո՛ն Ղևոնդյան, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի հատուկ վարժանքի անցկացումը Հայաստանին ի՞նչ կտա, և դա որքանո՞վ, այսպես ասած, զսպող կամ ճնշող նշանակություն կունենա Ադրբեջանի գործողությունների վրա։

– Շատ մեծ վերապահումով եմ վերաբերվում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունը Ադրբեջանի նկատմամբ որպես ուղերձ ընդունելուն, քանի որ նույն ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը վերջերս հայտարարեց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ կապված ՀԱՊԿ գործառույթների իրականացումը փոքր-ինչ այլ բնույթ ունի, ինչն ակնհայտորեն նշանակում էր, որ ՀԱՊԿ-ը երբևէ դժվար թե օգտագործվի նախկին ԽՍՀՄ որևէ հանրապետության դեմ:

Հետևաբար, զորավարժությունները, ամենայն հավանականությամբ, ամենանվազ չափով են վերաբերում Ադրբեջանին, իսկ Հայաստանի շահերին կարող են վերաբերել այնքանով, որ Հայաստանը փորձի դրա միջոցով ակտիվացնել ՀԱՊԿ-ի գործունեությունը և միջոցներ գտնի սեփական նշանակությունն այնտեղ բարձրացնելու համար։

Իսկ կոնկրետ սահմանային իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված՝ չեմ կարծում, որ այդ զորավարժությունները էական նշանակություն են ունենալու։

– Իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը այդպես էլ որևէ հստակ արձագանք չտվեց Հայաստանի դիմումին։

– Այստեղ կարևորություն ունի այն, որ ՀԱՊԿ անդամ երկրների փոխհարաբերությունները ոչ պակաս բարեկամական, եթե ոչ՝ ավելի բարեկամական են, քան Հայաստանի հետ, և Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմաններին, մեծ հաշվով, չեն վերաբերում ՀԱՊԿ-ի հիմնական ռազմավարական նշանակության գործառույթներին, քանի որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ը ստեղծել է մեկ նկատառումով՝ ցույց տալ Արևմուտքին, որ ինքը ևս ունի ՆԱՏՕ-ին թեկուզ ոչ համարժեք, սակայն որոշակիորեն հակակշռող ռազմական միություն։

Ռուսաստանը համարում է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող երկրները իր ներքին տարածությունն են, որտեղ երկու սուբյեկտների միջև խնդիրներին ՀԱՊԿ-ը չի կարող մասնակից լինել:

Այդ պատճառով էլ, կարծում եմ՝ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին տհաճ անակնկալ էր առաջին հերթին Ռուսաստանի համար, իսկ ՀԱՊԿ-ից ակնկալել կտրուկ պատասխան որևէ տեսքով՝ այնքան էլ լուրջ չէր։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab