«Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի գործը բացահայտվի». Փաշինյան

«Շատ ցավալի դեպք է, և եթե չեմ սխալվում, Քննչական կոմիտեում քրեական գործ է  հարուցված՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որն այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:

Ըստ նրա՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները: Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ ու հարյուր տոկոսով բացահայտվի:

«Ես էլի ասել եմ ու ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը մինչև ամենավերջին դետալը բացահայտվեն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադարձավ իր հասցեին հնչած մեղադրանքներին, նա ասաց. «Նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ այսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության  արարողությունը: ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությանը: Մասնակցել է Անվտանգության խորհրդի  քարտուղարը՝ որպես էլի վարչապետի ու կառավարության ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը: Իսկ ինչո՞ւ այդ նույն մնարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ կապված դեպք էր տեղի ունեցել; Այսինքն՝ նրանք վերաբերմունքի տարբերություն ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք, կարծում եմ, ինչ որ պետք է արվեր, արել ենք»: