Նոր օդանավ, հինգ նոր ուղղություն. Fly One Armenia ավիաընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը

Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունն առաջիկայում օդանավային պարկը կհամալրի նոր օդանավով, որը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Նախատեսվում են  թռիչքներ նաև հինգ նոր ուղղություններով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ հայտնելով սպասվող նորությունների մասին՝ Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց՝ նոր օդանավը Airbus A330 դասի է, որն, ի տարբերություն այլ օդանավերի, կարող է երկար թռիչքներ իրականացնել ոչ միայն դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան, այլև Չինաստան, Հարավարևելյան Ասիա, Հնդկաստան, կարող է նաև անդրօվկիանոսյան թռիչքներ իրականացնել:

«252 տեղանոց օդանավ է. տեղերից 222-ն էկոնոմ դասի են, իսկ 30-ը՝ բիզնես դասի: Օդանավը շուտով կհամալրի մեր օդանավային պարկը: Առաջիկայում նման դասի նաև այլ օդանավեր ենք ներգրավվելու, որոնք փոխելու են մեր մատուցած ծառայությունների որակն ու այն այլ մակարդակի են բարձրացնելու»,-նշեց Անանյանն ու հավելեց՝ մարտի վերջին սկսվում է ամառային թռիչքային շրջանը:

Նրա խոսքով՝ հինգ նոր ուղղություն կլինի. Դյուսելդորֆ, Լառնակա, Թեհրան, Սամարա և Նովոսիբիրսկ: 20-ից ավելի կդառնա այն քաղաքների թիվը, որտեղ Fly One Armenia-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Ամռանն ավիաընկերությունը կներկայանա չարտերային լայն ծրագրով: Արամ Անանյանը հիշեցրեց՝ դեպի Եգիպտոս մեկնարկած ուղղություններն են Շարմ Էլ Շեյխն ու Հուրգադան, կմիանան Մարսա Ալամը, Ալբանիան, Բուլղարիան և Հունաստանը, ինչն էլ ենթադրում է օդաչուների վերապատրաստման աշխատանքներ:

Ավիաընկերությունը նոր ուղղություններն ընտրում է ուղևորների շրջանում պահանջարկի ուսումնասիրությունների վրա հենվելով, այնուհետև գործարկում է չվերթները:

Անանյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ոչ միայն կետից կետ (Point to point) ճանապարհորդության համար հարմար երկիր է, այլև տարանցիկ ուղևորափոխադրումների առումով է հետաքրքիր կետ, ու Երևանն ունի բոլոր հնարավորությունները տարանցիկ ափ դառնալու համար:

«Այդ առումով ևս կունենանք նորություններ: Ուշադրության կենտրոնում ենք պահում հնդկական, չինական շուկաները: Բոլոր առումներով մեծացնում ենք մեր ներգրավվածությունը. թե՛ ուղևորների փոխադրում, թե՛ բեռնափոխադրումներ, թե՛ տուրիստական  ուղղությունների առաջարկ շուկային»,-ընդգծեց նա ու հավելեց՝ Fly One Armenia-ն ամենամեծ ավիացիոն հարկատուն է հայկական ավիաընկերությունների մեջ:

Այս պահին այն  ամեն օր չվերթներ է իրականացնում Մոսկվայի երկու օդանավակայաններ՝ Վնուկովո և Դոմոդեդովո, դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ քաղաքներ: Չվերթներ է իրականացնում նաև  դեպի Քիշնև և Թբիլիսի: Եվրոպական ուղղություններով՝ ի լրումն Լիոնի, դեպի Փարիզ և Միլան: Իսկ  մերձավորարևելյան ուղղություններն են Դուբայը, Թել-Ավիվը և Շարմ էլ Շեյխը: