Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Ա.Ս-ն պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։
Մեզ տեղեկացրին, որ դատապարտյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, պարբերաբար կոտրել է խցի գույքը, ինչի հետևանքով հայտնվել է պատժախցում։ Մի քանի անգամ փորձել են նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ, սակայն Ա.Ս-ն կամ տեղում կամ հիվանդանոցում կամովին հրաժարվելու դիմում է գրել։ Քրեակատարողական ծառայությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեց ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։
Տարեսկզբից մինչև օրս ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 16 դեպք, որից 6-ը՝ ինքնասպանության միջոցով։ Մահվան դեպքերն այս տարի կտրուկ աճ են գրանցել. համեմատելու համար նշենք, որ նախորդ տարվա ողջ ընթացքում գրանցվել էր մահվան 12 դեպք, բոլորի դեպքում արձանագրվել էր կենսաբանական մահ։



















