Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում Ռուսաստանից ներկրվող բնական գազի գինը կարող է բարձրանալ շուրջ 69 տոկոսով՝ ներկայիս 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքներին։
Զեկույցի համաձայն՝ գազի մատակարարման ներկայիս ծավալների պահպանման դեպքում Հայաստանի համար գազի ներկրման ընդհանուր արժեքը կարող է տարեկան ավելանալ 268,5 միլիոն դոլարով՝ 389 միլիոնից հասնելով 657,5 միլիոն դոլարի։
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ 300 դոլար գինը նախնական գնահատական է, և միջազգային շուկայում իրավիճակից կախված՝ գազի իրական պայմանագրային արժեքը կարող է ավելի բարձր լինել։
Ըստ զեկույցի՝ գազի հնարավոր թանկացումը կհանգեցնի արտադրողների և տնային տնտեսությունների ծախսերի ավելացման՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բացասաբար անդրադառնալով Հայաստանի գնաճի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա։
Զեկույցում հիշեցվում է նաև, որ 2013 թվականին Հայաստանի համար ռուսական գազի շուկայական գինը, առանց սուբսիդավորման, կազմել է մոտ 270 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ 2025 թվականին եվրոպական TTF բորսայում գազի միջին գինը կազմել է շուրջ 422 դոլար։
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զեկույցը պատրաստվել է 2026 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարության հիման վրա։
Փաստաթղթում գնահատվում են Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության գործընթացի և ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը, ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման հնարավոր տնտեսական հետևանքները։
Զեկույցը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարներին։ Խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գազի գնի բարձրացման վերաբերյալ որևէ ազդակ չի ստացել։ Նա միաժամանակ նշել էր, որ կառավարությունը քննարկում է հնարավոր տարբեր սցենարներ։
Ներկայում Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով։ Գործող համաձայնագրով այդ գինը սահմանված է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027 թվականի սկիզբը։



















