Կարեն Կարապետյան. «Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ՀԱԿ առաջարկը` անընդունելի եւ ինքնանպատակ է»

Կարեն Կարապետյան. «Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ՀԱԿ առաջարկը` անընդունելի եւ ինքնանպատակ է»
Կարեն Կարապետյան. «Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ՀԱԿ առաջարկը` անընդունելի եւ ինքնանպատակ է»

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը այսօր «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը` հայտարարել է, թե անընդունելի եւ ինքնանպատակ է համարում պատվիրակություն ձևավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը։
«Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է։ Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»,- ասել է Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն ասել է, թե Հայաստանում առկա «բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական եւ ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար»:

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։

«Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը՝ կարևորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում եւ Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում եւ Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի եւ «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»,- ասել է Կարապետյանը:

© Medialab.am