«Համոզված եմ, որ փուչիկները լիցքավորելու համար օգտագործվել է պրոպան-բուտան, դա երեւում է կրակի դեղնա-կարմրավուն երանգներից». մասնագետ

Թեեւ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ պարզվել են փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք եւ որ հետաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ դեռեւս չի տրվել բոլորին հուզող այն հարցի պատասխանը, թե ինչն է եղել երեկվա դժբախտ պատահարի պատճառը. ինչո՞վ էին լիցքավորված պայթուն եւ հրդեհ առաջացրած սպիտակ փուչիկները:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, նախընտրական քարոզարշավի պաշտոնական փակման օրը, իշխանական ՀՀԿ հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաք է կազմակերպել, որին ներկա տարբեր բուհերի երիտասարդների ձեռքերին եղել են «Հավատանք, որ փոխենք» ՀՀԿ կարգախոսով սպիտակ փուչիկներ, որոնք պայթուն առաջացնելով այրվել են՝ ներկաներին տարբեր աստիճանի այրվածքներ ու վնաս հասցնելով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությամբ հերքել է մայիսի 4-ի հայտարարությունն այն մասին, որ փուչիկները լիցքավորված են եղել հելիումով:

«Հելիումը ամենաանվտանգ իներտ գազն է, որը երբեք նման հետեւանքներ ունենալ չէր կարող,-ասել է նա,- Ամենասկզբում ես նշեցի, որ դրանք հելիումի փուչիկներ են, որովհետեւ այդտեղ հելիում է լցվում։ Բազմաթիվ փորձագետներ իրենց կարծիքներն են հայտնում, եւ երբ որ հելիումը հերքվում է, ասենք՝ դա մեթան գազ էր, թե թթվածին էր, որը օդից թեթեւ է, որ կարող էր բարձրացնել, դա արդեն քննությունը կպարզի»։

Կենսաերկրաքիմիկոս Սերգեյ Արեւշատյանը «Մեդիալաբին» ասում է, որ հելումը պայթունավտանգ չէ:

«Երեկվա դեպքում ես ավելի քան համոզված եմ, որ օգտագործվել է պրոպան-բուտան, դա երեւում է կրակի դեղնա-կարմրավուն երանգներից»,-«Մեդիալաբին» ասել է Արեւշատյանը,-Ուրիշ պատճառ էլ ունեմ իմ համոզմունքում, քանի որ մեր հելիումի արտադրությունը բացակայում է, այն եթե բերվում է, ապա միայն մաքուր գիտական փորձերի համար եւ շատ թանկ է. Եվրոպայում հեղուկ հելիումի 1 լիտրի արժեքը 11 եվրո է»:

Ըստ Հայկական հանրագիտարանի, հեղուկ հելիումն օգտագործվում է գիտական հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց:

«Բարձր ջերմահաղորդականության, քիմիական իներտության շնորհիվ հելիումը կիրառում են ատոմային ռեակտորները սառեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրելիության շնորհիվ՝ օդապարիկները լցնելու համար»,-նշված է հանրագիտարանում:

© Medialab.am