Հնդկաստանի սահմանադրությունը մարմնավորում է ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ: 

Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմա­նադրու­թյամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրու­թյան սկզբունքների նկատմամբ ժողովրդի և պետության նվիրվածությունը:

Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնա­վորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները Գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:

Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում: Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում:

Կրկին շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»: