«Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ ազգային ավիափոխադրողը «լոու քոսթ» ընկերություն է». փորձագետ

Հայաստանում ստեղծվում է ազգային ավիափոխադրող. այս տարվա հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են մեր երկրում ստեղծել ազգային ավիաընկերություն:

Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար ֆոնդը պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 դրամ (10 մլն դոլար), իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:

Հոկտեմբերի 14-ին արդեն Կառավարության նիստում ընդունվեց որոշում, որի հիման վրա էլ պահանջվող գումարը պետբյուջեից կտրամադրվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին:

Հայաստանի ազգային ավիաընկերությունը կոչվելու է «Արնա», որի կառավարումն իրականացնելու է բյուջետային կամ, ինչպես հայտնի է՝ «լոու քոսթ» արաբական «Էյր Արաբիա» հայտնի ավիաընկերությունը: Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի 2013 թվականից հետո, երբ «Արմավիան» հայտարարեց իր սնանկացման մասին:

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը կարծում է՝ Հայաստանի ավիացիոն ոլորտում վերջապես կենդանության նշաններ են երևում: «Ճիշտ է՝ ուշացած, բայց ճիշտ որոշում է: Միջին կարգի ավիաընկերություն է, որի գործունեության արդյունքում ակտիվություն կնկատվի ոլորտում»,- «Մեդիալաբին» ասում է փորձագետը:

Ավիացիոն ոլորտում 20 և ավելի տարի գործունեություն ծավալած Խաչատրյանը նշում է՝ Հայաստանն այս քայլով դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ ազգային ավիափոխադրողը «լոու քոսթ» ընկերություն է: «Ցավալի է, որ մեր երկրի ազգային փոխադրողը այլ երկրի ավիաընկերության հետ համագործակցությամբ է ձևավորվում: Այն էլ՝ «լոու քոսթ»: «Լոու քոսթ» ընկերությունը ֆուլ սերվիս չի մատուցում, թռչելու է մի կետից մեկ այլ կետ, չի համագործակցելու այլ խոշոր ավիաընկերությունների հետ: Ինձ համար, իհարկե, ցանկալի կլիներ, որ պետությունն ամբողջապես տնօրիներ այդ ավիաընկերությունը»,- ասում է Նավիկ Խաչատրյանը:

Նա ողջունում է Կառավարության ղեկավարի տրամադրվածությունը, որ «ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում»:

«Շատ ճիշտ որոշում է, որ ստեղծվող ավիաընկերությունը, ունենալով պետական ներդրում, չի ունենա արտոնություն և կաշխատի այնպես, ինչպես մյուս ավիաընկերությունները՝ «Էյր Արմենիան», «Արմենիան»»,- նշում է Խաչատրյանը:

«Ես գիտեմ, որ պրոցեսի հետ կապված որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ կան՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում ունենք, մեղմ ասած, տհաճ հիշողություններ: Բայց, կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաև, որ այստեղ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում: Կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը կառավարելի լինեն»,- Կառավարության նիստին նոր ավիաընկերության ստեղծման ծրագրում բյուջեից նեդրում կատարելու հարցի քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էյր Արաբիայի» հետ համագործակցությամբ նորաստեղծ «Արնա» ավիաընկերությունը հանձն է առել թռիչքներ իրականացնել 2022-ի գարնանից: «Էյր Արաբիան» արաբական բյուջետային ավիաընկերություն է, որը ստեղծվել է 2009 թվականին: Կենտրոնակայանը Շարժա քաղաքում է: «Էյր Արաբիան» աշխատում է Շարժայի և Ալեքսանդրիայի օդանավակայաններից, ինչպես նաև Մարոկկոյի չորս օդանավակայաններից դեպի Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրներ ուղևորափոխադրումների շուկայում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am