ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանականությանը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյոք Հայաստանում նախընտրական և հետընտրական շրջանում ապակայունացման սպառնալիք:

«Հայաստանի քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով, և 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ պաշար են ձևավորել։ Հենց սրա շնորհիվ է, որ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմյան ոչ դյուրին շրջանը և պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանզի հնարավորություն են տալիս ժողովրդին իր կամարտահայտությունը հայտնել դեմոկրատական մեխանիզմների միջոցով»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Հայաստանում սպասվում է, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: