«Այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ու իր դեմ կիրառվող ճնշումները թուլացնելու համար Ադրբեջանը ժամանակավոր դադար է վերցրել». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արաբագետ Արմեն Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ի՞նչ փոփոխություններ կարող են մտցնել ստեղծված իրավիճակում։

– Թուրքիայի նախագահի ու վարչապետի հանդիպումն առաջին հերթին միտված էր հարաբերությունների կարգավորման գործընթացին, որովհետև մենք արդեն 10 ամիս է՝ ինչ ականատես ենք մի գործընթացի, որը, մեծ հաշվով, էական արդյունք չի արձանագրել, ու, բացի այդ, այդ գործընթացն օգտագործվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Այս առումով կարևոր էր երկրների ղեկավարների հանդիպումը, որպեսզի փորձ արվի տարանջատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունները Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Իհարկե դա բավականաչափ բարդ է, ու առնվազն թուրքական կողմի հայտարարությունը Պրահայում հանդիպումից հետո փաստում է այն մասին, որ թուրքական կողմը մեծ հաշվով չի շեղվել իր ուղեգծից ու նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մեծապես պայմանավորում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ։

Սա շատ կարևոր փաստ է, ու չպետք է անտեսել, որովհետև հերթական անգամ փաստում է, որ Թուրքիան փորձելու է օգտագործել իր բոլոր հնարավորությունները Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու և թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգը Հայաստանին պարտադրելու հարցում։

Բայց պետք է նկատել նաև, որ այս հանդիպումը դրական քայլ էր, ինչը կարող է ունենալ նաև հետևյալ բացատրությունը․ թուրքական կողմը, իհարկե Ադրբեջանի հետ միասին, փորձում է քողարկված դրական միջավայրի պայմաններում իր օրակարգն ու խնդիրները լուծել՝ առանց հավելյալ ցնցումների, որի նպատակն է Հայաստանին ինքնապաշտպանական քայլերի չդրդելը, որը կարող է տեղի ունենալ այլ արտաքին խաղացողների ներգրավմամբ, մասնավորապես ԱՄՆ-ի, որի ակտիվացումը մեր տարածաշրջանում չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերից, քանի որ Վաշինգտոնն այն առանցքային արտաքին խաղացողն է, որը բավականաչափ մեծ ճնշման մեխանիզմներ ունի երկու երկրների վրա էլ։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա փակուղային իրավիճակը հաղթահարելու տեսանկյունից։ Հանդիպումից հետո տարածված հայտարարությունը փաստում է այն մասին, որ կողմերի միջև, այնուամենայնիվ, կա որոշակի փոխզիջում, որքան էլ մեզ համար արձանագրվում են վտանգավոր իրողություններ, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու արցախյան հիմնախնդրի հարցում առկա դիրքորոշումը։

Մեկ կարևոր նրբություն եմ ցանկանում շեշտադրել. այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական կողմի հռետորաբանությունը ու օրակարգը մեծ հաշվով չեն փոխվում, չնայած առաջադրվող պահանջների մի փոքր մեղմացմանը։

Չի բացառվում, որ այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ու իր դեմ կիրառվող ճնշումները թուլացնելու համար Ադրբեջանը ժամանակավոր դադար է վերցրել, և երբ ժամանակը կրկին բարենպաստ կլինի իր համար, փորձելու է առաջ մղել իր առավելապաշտական ծրագրերը։

Ադրբեջանը պատրա՞ստ է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու։

– Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հաջորդ տրամաբանական քայլը լինելու է Հայաստանի ինքնիշխան տարածքից իր զորքերի դուրսբերումը, բայց, հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է խոսել, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն իրենց ձեռնտու քարտեզներով, ակնարկում է Սյունիքում միջանցքի տրամադրման մասին, փաստում է, որ Ադրբեջանը հազիվ թե ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Իսկ այդ պարագայում որքանո՞վ եք հնարավոր համարում այդ պայմանագրի կնքումը։

– Այսօր ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի օրակարգում փորձում է աստիճանական քայլերով մտցնել իրեն ընդունելի օրակարգային բոլոր հարցերը։ Մինչև տարեվերջ ականատես ենք լինելու դիվանագիտական ակտիվ գործընթացի, իսկ այդ ընթացքում, եթե ադրբեջանական կողմը զիջումների չգնա, տրամաբանական է, որ այդ պայմանագրի ստորագրման գործընթացն ինչ-որ փուլում կձախողվի, ու դրա հավանականությունը բավականաչափ մեծ է, որովհետև Ադրբեջանի կողմից որևէ կերպ չի նշմարվում փոխզիջումային տրամադրվածություն։

Ադրբեջանը շարունակելու է բոլոր գործընթացներն ի նպաստ իրեն օգտագործել ու ճնշմամբ Հայաստանին պարտադրել խաղաղության օրակարգի իր ցանկալի տարբերակի ստորագրումը։

Պարո՛ն Պետրոսյան, իսկ ձեր դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումներն հօգուտ մե՞զ, թե՞ Ադրբեջանի են ընթանում։

– Ցավոք սրտի, կարճաժամկետ հեռանկարում և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային զարգացումներն ընթանում են հօգուտ Ադրբեջանի, այսինքն՝ մեծացնում են Թուրքիայի ու Ադրբեջանի հնարավորությունները բոլոր հարթություններում։

Հայաստանն այդ իրավիճակը շտկելու կամ հնարավոր վնասները մեղմելու տարբերակներ ունի՞։

– Տարբերակն է՝ մշտապես պահպանել մանևրելու հնարավորությունը, շարունակել ակտիվ պահել և՛ ԱՄՆ-ին, և՛ Իրանին տարածաշրջանային գործընթացներում ակտիվ ներգրավելու քայլերը, որովհետև այս երկու խաղացողներն առավել ազդեցիկ ու ուղիղ տեքստով իրադարձությունները գնահատող հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Պետք է նաև բավականաչափ զգույշ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, չնայած նա հասկանալի պատճառներով զգալիորեն նվազեցրել է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։

Արցախի խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

– Շատ տրամաբանական ու ճիշտ քայլ է այդ հայտարարությունը, ու ստեղծված իրողությունների պայմաններում Արցախի անվտանգությունն ապահովող միջոցները միջազգային առկա մեխանիզմներն են։ Բայց Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական գործընթաց չէ․ Արցախի անկախությունը կարող է ճանաչվել միայն այն դեպքում, երբ առարկայական գոյաբանական սպառնալիք առաջանա Արցախի համար, ինչքան էլ մենք ասում ենք, որ կա այդ խնդիրը, այնուամենայնիվ, հիմա սա ավելի հիպոթետիկ հարթության մեջ է։ Այս փուլում նաև Հայաստանը չի կարող ճանաչել Արցախի անկախությունը, դա հղի է նոր վտանգներով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am