Խախտումեր՝ Իջևանի դենդրոպարկում

Վերջերս Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապար¬կային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ.Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվա¬գյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն են, որի հետևանքով ոռոգման ջուրը դենդրոպարկ չի հասնում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին վերահասցեագրված վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Իջևանի դենդրոպարկին պատկանող 84946 մ2 մակերեսով չկառուցապատված հողամասի վարձակալ, հողամասն օգտագործել է պայմանագրի կետերի խախտմամբ. տարածքում կատարելով կառուցապատման աշխատանքներ՝ տեղադրել է թվով 7 տաղավար։

Այդ մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Ընկերությունն Աղստև գետից ջրառն իրականացրել է առանց ջրօգտագործման թույլտվության, ջրառի կետը կահավորված չի եղել ձկնապաշտպան ցանցով և ձկնուղով, տեղանքի զննության պահին ոռոգման առվակներում հայտնաբերվել են կենդանի և արդեն անկած մանրաձկներ։

Տարածքում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված թվով 2 հացենի ծառատեսակի կոճղ։

Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 450.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել է 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով գրութուններ են ուղարկվել Շրջակա միջավայրի նախարարություն և Իջևանի քաղաքապետարան։