ԵՄ-ն Բրյուսելում կազմակերպել է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի  բարձր մակարդակի պաշտոնյաների հետ

Եվրոպական միությունն այսօր Բրյուսելում կազմակերպել է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի  բարձր մակարդակի պաշտոնյաների հետ՝ երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծումանն ուղղված համատեղ ջանքերը խթանելու նպատակով։ Մասնավորապես, քննարկումները կենտրոնացել են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի  Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա։ 

Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումը կազմակերպվել էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից։ 

Առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառել են նաև առանձին երկկողմ հանդիպումներ Գրիգորյանի և Հաջիևի միջև, կողմերը քննարկել են  քաղաքական և անվտանգային իրադրությունը, ինչպես նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների ամբողջական շրջանակը՝ որպես շարունակություն երկու երկրների առաջնորդների և նախագահ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների։ 

Մասնակիցները համաձայնել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները և անդրադառնալու 2021 թվականի դեկտեմբերին 14-ին կայացած հանդիպմանը քննարկված հարցերին։ Հայաստանը և Ադրբեջանը կանդրադառնան նաև նրանց միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին։

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել՝ շարունակելու ներգրավվածությունը հանուն Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության։