Դատարանը Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 24-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:  Որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին:

Դատարանը՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը  և Վիլեն Գաբրիելյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ  Արամ Զավենի Սարգսյանը։  Մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։